Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2016-ի ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, որոնք խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը, ասում են՝ մենք պարտված ենք:
«2016 թվականին թշնամին մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակում սկսեց Արցախը գրավելու համար: Շնորհիվ հայկական բանակի, Արցախի բանակի, կասեցվեց գրոհը և ձախողվեց թշնամու հարձակումը: Թշնամին չհասավ իր նպատակին: Անշուշտ, ունեցանք զոհեր, որոնք կյանքի գնով տապալեցին թշնամու ծրագիրը»,- ասել է նա։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Եթե մինչև ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից: Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը և փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ վերջին հաշվով մեր ժողովրդի առջև է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել»,- շեշտել է Սաղաթելյանը:
Վերջինիս խոսքով՝ իշխանության հիմնական թեզը այն է լինելու, թե իրենք խաղաղություն են բերելու: Իրենք փորձելու են իրենց ներկայացնել որպես խաղաղության ուժեր, իսկ հակառակորդներին՝ պատերազմի ուժեր.
«Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել և պատերազմի են տարել այդ «խաղաղասեր ուժերը»: Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ պետությամբ: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու և թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: