▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հասկանում, գիտակցում ենք մեր կատարած մեղքը և դրա համար ապաշխարում ենք՝ Աստծո առջև ընդունելի է լինում

Մեծ Պահքի 24-րդ օրը (այս տարի մարտի 7-ին) կոչվում է Միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին: Այդ օրը տանտիրուհիները պատրաստում են միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղարջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Սրա մեջ տեղադրում են մետաղադրամ, ուլունք և ում բաժին է ընկնում՝ նա լինում է տարվա հաջողակը: Միջինքն ամանորյա տարեհացի նման ապահովում է օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։

«Մարդիկ, ովքեր պահք են պահում, առաջին շրջանը մի փոքր դժվարությամբ են անցկացնում: Եվ, որպեսզի այն մի փոքր մեղմացվի, մեր ժողովուրդը գեղեցիկ սովորույթ ունի, դա Միջինքի օրն է: Այդ օր այցելում են մեկը մյուսին ուրախանում են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նրա խոսքով՝ պահք պահող մարդիկ պետք է կարևորությունը տան ոչ թե սննդակարգին, այլ հոգևորին:

«Պետք է լինի ապաշխարության ու խոստովանության շրջան: Ամբողջ տարվա ընթացքում պետք է զերծ մնանք մոլի սովորություններից: Մեկի մոտ ծխելն է, մյուսի մոտ խմելը, մեկ ուրիշի մոտ՝ բամբասելը և այլն: Եթե մենք հասկանում, գիտակցում ենք մեր կատարած մեղքը և դրա համար ապաշխարում ենք՝ Աստծո առջև ընդունելի է լինում»,-նշեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Հավելենք, որ բանախոսի պնդմամբ՝ այսօր լավ կլինի, եթե մի շարք ուտեստների թվում նաև Միջինքի գաթա պատրաստենք, որի համար կպահանջվի 3 բաժակ ալյուր 1 – 1 ½ բաժակ ջուր ½ բաժակ շաքարավազ 2 թեյի գդալ թթխմոր, 3 ճաշի գդալ ձեթ, ¼ բաժակ մեղր, ¼ բաժակ չամիչ, ¼ բաժակ ընկույզ:

Շաղել խմոր՝ խառնելով ալյուրը, շաքարավազն ու թթխմորը, ապա ձեթն ու ջուրը: Թողնել հանգստանա 2 ժամ: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, վրան ջուր քսել, ապա լցնել չամիչն ու ընկույզը և թխել ջեռոցում միջին ջերմաստիճանով՝ 30 – 40 րոպե: Ջեռոցից հանելիս վրան մեղր քսել: Չմոռանաք մետաղադրամի մասին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее