Life.panorama.am-ը գրում է.
«Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, ծափով-ծիծաղով, ախպերս ու ես…»
Հայկական երգադարանում շատ են հայրենասիրական երգերը, այդ հանգամանքը, թերեւս պայմանավորված է հայի անցած ճանապարհով: Հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները յուրօրինակ ուժ ունեն՝ արթնացնելու հավատը եւ սերը հայրենիքի նկատմամբ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո մարդիկ ավելի հաճախ են լսում այդ երգերը. հիմա թվում է, թե հենց մեր զոհված տղաների համար ստեղծված լինեն դրանք, որպեսզի բնորոշեն այն ուժը, որով հպարտություն պարգեւեցին մի ամբողջ ազգի:
Life.panorama.am-ի հետ զրույցում զոհված զինվորների ընտանիքներին իր խորը ցավակցությունը հայտնելով՝ ժողովրդական երգերի կատարող Սեւակ Ամրոյանը նկատեց, որ հպարտություն է զգում, որ իր երգերը ինչ-որ տեղ կարող են սփոփել կամ ուժ հաղորդել: Նա հատկապես առաձնացրեց ժողովրդական «Ախպերս ու ես» ստեղծագործությունը, որը վերջին օրերին ամենաշատն է հնչում.
«Իհարկե, երբեւէ չէի ցանկանա, որ երկիրս նման իրավիճակում գտնվեր եւ ոչ էլ երգի վրա աշխատելիս պատկերացրել եմ, որ այն մի օր արդիական է լինելու, ինձ համար այն շատ սիրելի երգ էր, որը պատմում էր հայ ժողովրդի անցած ճանապարհի, այլ ոչ թե ներկայի մասին: Չեմ կարող չնշել, որ «Ախպերս ու ես» ստեղծագործության վրա աշխատելիս՝ ոչ մի կոմերցիոն նպատակ չենք հետապնդել. Սկսած երաժիշտներից մինչեւ տեսահոլովակի հերոսները ուղղակի ցանկացել ենք լավ եւ հայրենանվեր գործ կատարել: Իմ ողջ կարիերայի ընթացքում այս երգը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել»,- նշեց Սեւակն ու պատմեց իր կատարմամբ այս երգի ստեղծման ճանապարհի մասին.
«Երբ ես ու Դեր Հովան աշխատում էինք այս ստեղծագործության ձայնագրման եւ գործիքավորման վրա, անկախ մեզանից մեկ ընդհանուր նպատակով տարանք մեր աշխատանքային ուղին. Մեզ համար այն կոմերցիոն հատապնդում չէր ունենալու, չնայած նրան, որ յուրաքանչյուր երգ երգչի համար կոմերցիա է ապահովում: Արդյունքում ոչ մեկս՝ սկսած ռեժիսոր Արվին Քոչարյանից, կիթառահար Արմեն Շահվերդյանից, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանից, դերակատար Գայանե Ասլամազյանից, կոմերցիայի մասին չմտածեցինք, ինչի համար իրենց եւս մեկ անգամ եմ ուզում շնորհակալություն հայտնել. այս աշխատանքում մենք ուզում էինք լավ գործ անել ու արեցինք: Եվ չնայած հատկապես այս պարագայում դիտումների քանակը ընդհանրապես էական չէ, բայց երեւի այս երգիս նկատմամբ մարդկանց մեծ սերն է պատճառը, որ դիտումների քանակը հատել է 2.5 միլիոնի շեմը»:
«Կրկնակի ուրախ եմ, որ այս երգս երգում են երեխաները, չէ որ նրանք են մեր վաղվա օրը, նրանք են փոխարինելու մեր այսօրվա զինվորներին, ուստի նրանց մեջ պետք է պահպանել հայրենասիրական այն ոգին, ինչն այսօր հաղթանակ է ապահովում մեր քաջ զինվորներին: Երգը մարդու վրա մեծ ազդեցություն է թողնում, դրանք մեծ ներգործություն ունեն մարտական ոգու ուժը մեծացնելու հարցում, ու հորդորում եմ մեր երգիչներին կոմերցիոն երգերից զատ՝ իրենց երգացանկում ունենալ այնպիսի կատարումներ, որոնք անմահ են: Մենք զգացմունքային ազգ ենք ու պատահական չէ, որ ունենք երգեր, որոնք արդեն բազմադարյա պատմություն ունեն, դրանք կարող են կրթել ու դաստիարակել, հուզել ու ոգեշնչել»,- հավելեց Սեւակն ու շեշտեց.
«Հիշեք, նման երգերի տարածումը ոչ թե երգչի, այլ երգի հաղթանակն է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում