Իշխանությունները թշնամուն՝ Թուրքիային եւ Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում իրարամերժ հայտարարություններ են անում։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ բան չի տրվելու Ադրբեջանին, իսկ Փաշինյանի նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ միջանցքներ են տրամադրվելու Թուրքիային ու Ադրբեջանին։ Այսինքն՝ ոչ թե մեկ միջանցք, այլ՝ միջանցքներ։ Միջա՞նցք, թե՞ ճանապարհ: Ապաշրջափակո՞ւմ, թե՞ կամուրջ` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ նոր պատերազմի նախապատրաստություններ:
Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Այս հակասություններն ինչպե՞ս են բացատրում իշխանության ներկայացուցիչները: Երեկ մենք հարցեր ուղղեցինք իշխանության ամենաանկեղծ պատգամավորներից մեկին՝ Հովիկ Աղազարյանին, ով, կարելի է ասել, «միամտաբար» ասում է այն, ինչ իշխանությունը փորձում է թաքցնել ժողովրդի աչքից։ Ի վերջո` միջա՞նցք ենք տրամադրելու, թե՞ ճանապարհ:
«Միջանցքն այնպես, ինչպես ես եմ հասկանում, չի տրամադրվելու, որովհետեւ միջանցք ասվածը ես հասկանում եմ, որ գուցե ինչ-որ մակերեսով հողային հատվածի տրամադրում է մեր հայրենիքից։ Ես միջանցք ասվածն էդպես եմ հասկանում, որը ես բացառում եմ։ Իսկ ճանապարհների ապաշրջափակում՝ ես հասկանում եմ եւ ընդունում եմ»,- միջանցքի վերաբերյալ իր պատկերացումներն այսպես շարադրեց պարոն Աղազարյանը։
- Փաշինյանը ժամանակին ասում էր՝ պատրաստ է իր որդուն՝ Աշոտիկին փոխանակել մեր գերիների հետ, հիմա էլ ասում է՝ ինքը պատրաստ է ականապատման բոլոր քարտեզները տալ գերիների դիմաց։ Հիմա ի՞նչ է ստացվում, Աշոտիկը դո՞ւրս եկավ օրակարգից, նա այլեւս չի՞ պատրաստվում իր որդուն փոխանակել մեր գերիների հետ։
- Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ընդհանրապես այդ քարտեզները կտայի` առանց նախապայմանի, որովհետեւ դա հումանիտար հարց է եւ դա ուժեղ մարդու հարց է։ Տվյալ դեպքում, քանի որ մեր թշնամական երկիրն իրեն չի պահում ադեկվատ, հետեւաբար, Փաշինյանի դիրքորոշումը շատ կոռեկտ եմ համարում, որ, ասենք թե, քարտեզները տրվեն, դրա դիմաց գերիներին ստանանք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում