«Եթե ձեռնտու է, շաբաթը մի համերգով երկիրը պահեք». Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեռնտու է փաստորեն։ Առաջարկում եմ այլ գործով չզբաղվել, շաբաթը մի հատ համերգ կազմակերպել, երկիրը պահել։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոլորին առաջարկում էր ոչխար պահել։ Հիմա, փաստորեն, ինքը մի հատ ոչխար պահում է` ցավոք շատ բարձր կարգավիճակում ու մեր բոլորի հաշվին»:
***
Ավելի վաղ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր կատարել. «Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների՝ Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։
2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալա-հայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար հենվելով այս հետազոտության վրա կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չէ բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են օրինակ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։
Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»:
Դիտեք նաև՝
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմությունը խուճապի մեջ է ոչ թե ծախսից, այլ էֆեկտից։
Ընդդիմադիր կոչվող շրջանակները դեպրեսիայի մեջ են ընկնում այն պահերին, երբ Հայաստանում լավ բան է տեղի ունենում։
Նրանք կարիք ունեն մշտական խավարի, աղետի, ճնշման մասին խոսելու, որովհետև հենց դա է միակ ֆոնը, որի վրա իրենց «ազգափրկիչ», «սրբազան», «ազատագրական» բառերը կարող են հնչեղություն ունենալ։
Եվ երբ ժողովուրդը, ում նրանք ուզում են, որ իրենց կոչով գա հրապարակ՝ զայրույթի շուրջ, գնում է համերգ՝ կյանքի շուրջ, դա նրանց նյարդայնացնում է։
Երբ մարդիկ խրախճանք չեն տեսնում, այլ պետության ներկայություն, դա խափանում է ընդդիմության մեխանիզմը։ Որովհետև նրանք քաղաքականությունն ընկալում են որպես մշտական ողբերգություն, որտեղ իրենք միակ փրկիչն են։
Ջենիֆեր Լոպեսի համերգը ցույց տվեց ոչ թե միայն մշակութային մակարդակ, այլ նաև սոցիալական և հոգեբանական իրականություն և տնտեսական ու ճանաչողական մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ։
Իսկ նրանք, ովքեր այսօր նեղվում են, որ իրենց «հրաշք հանրահավաքներին» նույնիսկ համերգի մարդկանց 5 տոկոսը չի գալիս, լավ կլինի՝ հարցնեն իրենց՝ արդյո՞ք իրենք որևէ բան առաջարկում են ժողովրդին։ Իրական գաղափարնե՞ր ու ապագայի տեսլական, թե՞ պսևդոհայրենասիրական լոզունգներ և ոչ մի հստակ բան։
Իրական Հայաստանը արդեն գոյություն ունի։ Եվ կամ դուք կհամակերպվեք դրա հետ, կամ միշտ կմնաք լուսանցքում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet