Էստոնացի լրագրողների սուր հարցերը Նիկոլ Փաշինյանին. Դիմում եք ԵՄ-ին միանալու համար, բայց մասնակցում եք Մոսկվայի շքերթներին/Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են և հիմնված են լինելու փոխադարձ հետաքրքրությունների վրա»,- Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ երբեմն արվում են մեկնաբանություններ, նաև՝ Հայաստանում, որոնք ճիշտ չեն արտահայտում իրականությունը: «Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերութուններ միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ընդգծել է Փաշինյանը: |
«Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով մեր կառավարությունը, անձամբ ես աշխատում ենք ամենօրյա ռեժիմով»,- Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչն է խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: «Մենք հետևողական և վճռական ենք՝ այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով, հետևողական և համբերատար: Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, և խաղաղությունը հաստատվի»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ չեն շեղվելու այս ճանապարհից: |
***
«Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական և անիրական, այսօր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն կա։ Ես շնորհակալ եմ ԵՄ-ին, նաև Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումներին։ «Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը, հույս ունենք, տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի ԵՄ-ն որոշում է կայացրել ՀՀ-ին աջակցություն տրամադրել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը, կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է։ Շոշափելի, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավական սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն։ Սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք հույս ունենք ԵՄ-ի հետ խորացնել նաև մեր տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև, կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,- նշեց Փաշինյանը։ |