Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ էր. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:
«Հանձնաժողովը բավական աշխատանք է կատարել: Ես չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ, զեկույցն ունի որոշակի թերություններ: Դրա մասին ես խոսեցի փակ ռեժիմով: Մի օրինակ կարող եմ բերել. եթե այսօրվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այդ մեղավորներից է, իսկ ըստ զեկույցի ինքը այդ մեղավորներից է, նա չպետք է հիմա լինել ԳՇ պետ: Սա իձն համար կարեւոր ազդակ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով: Ով դեռ պետք է չմեղադրվի նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, իսկ ով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի»,-ասաց նա:
Մարուքյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է գաղտնազերծվի. «Արդեն մենք ունենք 44-օրյա պատերազմ եւ ապրիլյան պատերազմի թերությունները, թե ինչն ինչպես է եղել, գաղտնի պահելն իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ: Հույս ունենք, որ կհրապարակվի: