Life.panorama.am-ը գրում է.
«Խոպանի տեսության» սիրուն Մարիետան, նույն ինքը՝ Զառա Սահակյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է, որ բացի սիթքոմից, մի շարք ծրագրեր ունի, որոնց մասին գերադասում է դեռևս լռել.
«Այնպես է ստացվում, որ, երբեմն, մեր նախատեսածից ուշանում են այն նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն, դրա համար կգերադասեմ դեռևս լռել առաջիկա ծրագրերի մասին՝ խոստումով, որ նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում»,- նշեց Զառան ու անդրադարձավ «Խոպանի տեսությանը»:
«Սիթքոմի նոր եթերաշրջանն արդեն վաղուց մեկնարկել է: Մենք ներկայանում ենք նոր գույներով, նոր տաղավարներով, երկու նոր հոյակապ դերասաններով՝ ի դեմս Անդրանիկ Հարությունյանի և Իվետա Եդիգարյանի, ովքեր շատ արագ հարմարվեցին մեր միջավայրին և իրենց ունակություններով էլ ավելի հետաքրքիր դարձրին սիթքոմը: Նոր եթերաշրջանում բավականին ակտիվացել է նաև իմ կերպարը, եթե առաջ Մարիետան շատ խեղճ էր, ընկճված, ամուսնու կողմից ուշադրության չէր արժանանում, ապա հիմա ճիշտ հակառակ իրավիճակում է՝ թե ֆինանսապես, թե որպես կին նա մեծ ուշադրության է արժանանում ամուսնու կողմից: Մարիետան արդեն հրամաններ է տալիս, հարցեր է լուծում, ամբողջ տունն իր բուռն է հավաքել, ինչն էլ ցուցադրվում է նոր հումորային իրավիճակներում»,- պատմեց Զառան:
«Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում, դերասանությունն իմ աշխատանքն է, որն այս շրջանում իրականացնում եմ «Խոպանի տեսություն» սիթքոմում: Երբեք վարկանիշային թվերի հետևից չեմ ընկել, բայց որպես չափորոշիչ ինձ համար կարևոր են այն նամակների քանակը, որոնք մեր սիթքոմի երկրպագուները գրում են ու հայտնում իրենց դրական խոսքերը «Խոպանի տեսության» վերաբերյալ: Այս առումով պետք է նշեմ նաև մարզերում բնակվող մեր հայրենակիցների արձագանքները, որոնց ականատես եղա վերջերս, նրանք ինձ հիշեցնում էին դրվագներ, նախադասություններ, որոնք ինքս չէի հիշում. Հավատացեք՝ չէի սպասում, որ այդքան աշխուժությամբ են մեզ դիտում շրջաններում, հավանաբար բովանդակությունից ելնելով նրանց համար շատ արդիական է սիթքոմի ուղղվածությունը»,- «Խոպանի տեսության» վերաբերյալ մարդկանց արձագանքներից խոսելով՝ նշեց Զառա Սահակյանը:
Նախագծի հաջողության գրավականը դերասանուհին կապում է աշխատանքային միջավայրի հետ. «Մեզ մոտ յուրաքանչյուր աշխատող՝ սկսած օպերատորներից, մինչև դերասաններ, իսկապես հասուն մարդիկ են, բոլորս գիտակցում ենք, որ պետք է հարգենք միմյանց, որպեսզի նախագծի ավարտից հետո լավ կարծիք ու անուն թողնենք. Երբ բոլորը հավաքվում են մի գաղափարի շուրջ, ապա ամեն ինչ հաջողվում է և ամենակարևորը ստեղծվում է առողջ մթնոլորտ»,- նշեց Զառան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում