▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես փնտրում եմ Love Wave. Իվետա Մուկուչյան

El.am-ը գրում է.

Էներգիայով լի մարդիկ ջերմացնում են, վարակում: Նրանք համոզում են, որ էներգիան ամենահզոր ուժն է, որ կարող է առաջ տանել քեզ ու քո ստեղծագործությունը: Այդ կայծն է, հմայքը, խարիզմա’ն, որ տարածվում է մեր հերոսուհու մի կերպարից մյուսը, ու որքան էլ այդ կերպարները տարբեր լինեն, միևնույն է, մենք միանգամից ճանաչում ենք այն կրողի դիմագծերը, հայացքը, շարժուձևը…

Այո’, ես չէի սխալվում. դու եզակի ես, Իվե’տա:

Իվետա, ժամը 12-ից նկարահանումների ենք: Հիմա արդեն 22:00-ն անց է: Այս պահին ամենից շատ ինչ ես ուզում:

Ուզում եմ հասնել տուն, հագնել տան հարմարավետ հագուստս, պառկել անկողնում ու դիտել իմ սիրելի սերիալը` How to get away with murder: Վերջերս ես հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ կինո եմ դիտում կամ սերիալ: Ուրիշ կերպ լիցքաթափվել չի լինում:

Անչափ ուրախ եմ, որ նորից համագործակցում ենք: Մոտ երկու տարի է անցել վերջին հանդիպումից, ու մեր առջեւ կրկինգեղեցիկ եւ ուժեղ Իվետան է: Որքանո՞վ է դժվար մնալ այնպիսին, ինչպիսին քեզ սիրում են, գիտեն:

Ես էլ եմ շատ ուրախ համագործակցության համար… Միշտ մաքսիմալ անկեղծ եմ եղել, բաց գրքի պես, ինչը, իհարկե, ինձ ավելի շատ խանգարել է: Դրանից նախ ես եմ տուժել: Բայց ուրիշ կերպ չեմ կարող լինել: Հենց դա է, որ օգնում է հավատարիմ մնալ ինքդ քեզ ու կերպարին:

Քո բոլոր կերպարներում շատ տարբեր ու միաժամանակ շատ ճանաչելի ես` քո դիմագծերը, խոսքը, հայացքը: Միանգամիցասում ես` Իվետան է, ի՞ր ձեռագիրը, բայց որը նաեւ ամեն անգամ շատ յուրօրինակ է:

Տարիների իմ աշխատանքն ամփոփելով` կարող եմ վստահաբար ասել. այն, ինչ իրենից արժեք է ներկայացնում, անկեղծությունն է: Ամենաթանկը դա է: Ու հենց դա է նաև, որ քեզ ճանաչելի է դարձնում, ստեղծում ձեռագիր, որը պիտի կարողանաս պահել: Հանդիսատեսը գուցե չորսա, թե կոնկրետ ինչն է իրեն գրավում այս արտիստի մեջ, ինչու է նա միշտ սպասում նրան, բայց դրա <<պատճառը>> մեկն է` անկեղծությունը: Այսօր էլ նույնն է, բայց… ավելի հասուն եմ, իմ բոլոր զգացողություններում ես շատ ավելի հասուն եմ: 

Քեզ հետ միշտ հեշտ է եղել համագործակցելը: Ու թվում էր, թե քո վերջին շրջանի հաջողությունները, զբաղվածությունը քեզէլ մի փոքր կվարակեին աստղային հիվանդությամբ: Բայց այսօր, ինչպես մեր թիմն է միաբերան պնդում, է’լ ավելի հեշտ էքեզ հետ աշխատել:

Ամեն մարդ ընթացքի մեջ է սովորում, աշխատանքային միջավայրում կոփվում: Նա, ով միշտ աշխատում է, ձգտում է ավելի լավը դառնալ: Ճիշտ չէր լինի, եթե ես լինեի այնպիսին, ինչպիսին վեց տարի առաջ էի: Կարևոր է` ինչ տիպի մարդ ես ուզում լինել: Եթե ես աշխատանքի մեջ եմ, ամբողջությամբ տրվում եմ դրան, լիարժեք ու անմնացորդ: Անջատում եմ ինձ ամեն ինչից, քանի որ ամենակարևորը վերջնական արդյունքն է: Ցուրտ է, սոված եմ, սպասեք մի փոքր հանգստանամ… չէ’, չկան նման բաներ, դրանք երկրորդական են: Իսկ ինչ վերաբերում է աստղայինին, ասեմ. ամեն բան անցողիկ է այս կյանքում, հարգանքն ու սերն էլ, որ տածում են քո հանդեպ, նույնպես անցողիկ է:

Իսկապես, այնքան ուժ կա քո մեջ, այնքան ներվով ես ստեղծագործության հետ <<աշխատում>>: Կարողանում ես կտրվելդրանից, լիցքաթափվել:

Փորձում եմ: Ու դա անում եմ ընկերներիս հետ: Ես առանց իմ ընկերների չեմ կարող: Եթե նախկինում կարող էինք պայմանավորվել ու գնալ մի տեղ սուրճ խմելու, այսօր մենք միասին ճամփորդությունների ենք մեկնում` Հնդկաստան, Հարավային Աֆրիկա… Այո’, կտրվում եմ, բայց, միևնույն է, շարունակում եմ երգեր գրել: 

Նախորդ տարին ավարտվեց քեզ ու մեզ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու առաջարկով: Իսկ տարին, ըստ քոֆեյսբուքյան գրառման, եզակի էր: Կպատմե՞ս:

Իսկապես, անցած տարին ինձ համար… լիարժեքորեն արտահայտվելու տարի էր:

I finally got there!,- գրում ես դու (Ես վերջապես հասա նշանակետին.- հեղ.)

Վա¯յ, գտե ՞լ ես: Տեսնե՞մ:

I finally found out who I am as an artist and what I truly want to say! (Վերջապես հասկացա` ով եմ իբրեւ արտիստ եւինչ եմ իրականում ուզում ասել.- հեղ.)

Է’ս ինչ լավ բան ես գտել, շնորհակա’լ եմ: Ասեմ, կյանքից պիտի դասեր քաղել: Շատ հաճախ քեզ թվում է, թե գիտես` ով ես, բայց իրականում` ոչինչ էլ չգիտես: Մի երևույթ, որն իմ դեպքում նաև երաժշտությանս մեջ էր արտահայտվում: Ես երգ էի գրում, բայց պատահում էր, որ ինքս երկար չէի կարողանում լսել. ինչ-որ բան ինձ չէր բավարարում: Նախորդ տարի ես գրեցի Simple like a flower երգը: Ես ինքս ինձ հետ էի այդ պահին, ու ծնվեց այդ երգը: Այն անկեղծ պոռթկում էր, բուռն էմոցիա:

I still love you… Ո՞ւմ է դեռ սիրում Իվետան:

Սիրում է՞ր (ժպտում է.- հեղ)… Այս երգից հետո ես ինձ մի նոր մակարդակում գտա, ինչն ինձ այնքան ազատություն տվեց: Իմ անձնական կյանքը կարողացա երաժշտության միջոցով մատուցել: Իմ սեփական հաղթանակն էր այս երգը: Ես բնավորությամբ շատ խառն եմ, տարբեր գույներով: Սա իմ <<Եսի>> մեկ գույնն է իհարկե, բայց անչափ անկեղծ է: Սենյակում մենակ խոսում եմ ինքս ինձ հետ. ա’յ, այդ Իվետան եմ այս երգում:

Այս տարի մենք քեզ տեսանք նոր ամպլուայում` կինո: Կինոն ինչպե՞ս ընդունեց  քեզ: Իսկ դո՞ւ` իրեն:

Չափից դուրս նոր բան էր ինձ համար կինոն: Երբ առաջին դերասանական դասերին գնացի, պատկերացում անգամ չունեի` դա ինչ է: Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ ես իմ կյանքում բացեցի մի նոր էջ: Եվ շատ կուզենայի, որ դա շարունակական լիներ:

Դուք հեռավորության վրա skype-ով էիք փորձեր անում…

Այո’, ես այդ ժամանակ Իտալիայում շրջագայությունների էի: Պատահել է` օրական չորս ժամով փորձ էինք անում Մկրտիչի հետ: Նրա ու ստեղծագործական խմբի մյուս անդամների շնորհիվ կարողացա հասնել նրան, որ երբ տեսախցիկը միանում էր, ես միանգամից մոռանում էի դրան նախորդող տրամադրություններն ու մտնում դերի մեջ:

Իսկ 2016-ն ինչպե՞ս է սկսվել:

Այս տարվա ամենասկզբից այնքան եմ ճամփորդել` ԱՄՆ-ից մինչև Պորտուգալիա ու Գերմանիա, մասնագիտական ու անձնական նպատակներով: Այնքան շատ էին դրանք, որ տուն չէի հասնում. օդանավակայանից մայրիկիս ասում էի, թե ինչ դնի ճամպրուկում, քանի որ Նյու Յորքում -15 էր, Պորտուգալիայում` +25: Իհարկե, ամենակարևորը դեռ առջևում է` <<Եվրատեսիլը>>:

Հայաստանը <<Եվրատեսիլում>> ներկայացնելու առաջարկն ինչպե՞ս ընդունեցիր: Հիշո՞ւմ ես:

Ճիշտ է, տարիներ շարունակ այս կամ այն չափով շրջանառվել է իմ անունը, բայց երբ զանգ եկավ, ու առաջարկը հնչեց, իսկապես շատ-շատ հաճելի էր ու պարտավորեցնող: Շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանն ինձ այս պատասխանատու գործը վստահելու համար: Հուսով եմ` մենք կշարժվենք դեպի հաղթանակ:

Հայաստանյան ներկայացուցչի անունը հնչելու պահից հիմնականում դրական արձագանքներ ենք կարդում ու լսում: Նա իրդեմքին կրում է <<Eurovision stamp>>. կարծեմ youtube-ում կարդացի:

Շնորհակա’լ եմ, Նանե’, այնքան հաճույք եմ ստանում…

Ի՞նչ են տալիս դրանք արտիստին կամ գուցե փոխո՞ւմ են ինչ-որ բան:

Չէ’, չեն փոխում, ստիպում են, որ արդարացնես այդ խոսքերը: Վերջերս նկատել եմ, որ ցանկացած լավ խոսք, որ մարդիկ ինձ ուղղում են, այնքան ուժ է տալիս, անկեղծ եմ ասում: Դրանք ինձ համար այսօր շատ մեծ արժեք ունեն: Եվ այն մեկ արտահայտությունը` <<Մենք քեզ այնքան ենք սիրում, Իվե’տա>>, հենց այս երկարատև աշխատանքի արդյունքն է:

Շուրջ 17 տարի երգարվեստում ես: Եթե շատ-շատերի մոտ ծնողներն են հիմնականում արգելք դառնում երգարվեստ մտնելուճանապարհին, քեզ մոտ հակառակն է եղել. քո ծնողներն ու հատկապես հայրիկն է քեզ ուղղորդել:

Այո’, այո’ (ծիծաղելով շարունակում է.- հեղ.): Մայրս միշտ ասում է` ինձ մոռանում ես… Եղել են պահեր, երբ ես ասել եմ` չե’մ ուզում: Լինել շոու-բիզնեսի մեջ ու կայանալ իբրև երգչուհի` շատ բարդ է: Սա այն ոլորտն է, որտեղ պիտի կա’մ շատ լավ անես ամեն բան, կա’մ չանես ընդհանրապես: Անգամ եղել է, որ ամեն ինչ թողել եմ ու մեկնել ուրիշ երկիր` բոլորովին այլ գործով զբաղվելու: Բայց հետո հասկացա, որ ինձ միշտ ինչ-որ բան պակասում է: Մայրիկս այդ ժամանակ անընդհատ ասում էր. <<Դու պետք է բեմում լինես>>:

 

Դա Հայաստանից առա՞ջ էր, թե՞ արդեն Հայաստանում:

Արդեն Հայաստանում… Նա ասում է, որ ես ամենաերջանիկ մարդն եմ այն ժամանակ, երբ ստեղծագործում եմ, երգում: <<Առանց դրա դու լիարժեք չես>>: Նման պահերը նաև օգնում են որոշ ժամանակով դուրս գալ քո սահմանից ու համոզվել` իրո’ք դու այնքան ուժեղ ես, որ շարունակես այս ճանապարհը, թե՞ ոչ:

Իվե’տա, քննադատության հետ դժվա՞ր է ապրել:

Այո’, բայց ընտրելով այս ճանապարհը` դու պիտի գիտակցես` ինքդ ես թույլ տալիս, որ մարդիկ քննադատեն քեզ ոտքից գլուխ: Ու պիտի այնքան ուժ ունենաս և հոգով իսկական արտիստ լինես, որ կարողանաս դրանից վեր կանգնել ու շարժվել առաջ:

Դու կուզենայի՞ր, որ երեխաներդ գնային քո ճանապարհով:

Ո’չ, ո’չ, չէի ուզենա: Եթե կուզենան ինչ-որ գործիքի տիրապետել, նվագել իրենց հաճույքի համար, ո’չ մի խնդիր: Բայց ոչ երբեք այն դարձնեն առաջին մասնագիտություն:

Ինչո՞ւ:

Միշտ վախ կա` կկարողանա՞ս վաստակել քո աշխատանքով, թե’ ոչ: Ես գիտեմ` դա ինչ է ու չէի ուզենա, որ իրենք էլ անցնեն դրա միջով: Շատ դժվար է հասնել նրան, որ քո արվեստով սկսես բավականաչափ գումար վաստակել:

Դու կարողանո՞ւմ ես:

Ես այսօր կարողանում եմ գումար վաստակել իմ աշխատանքով. շատ եմ շրջագայությունների մեկնում: Կարող եմ որոշ շքեղություններ ինձ թույլ, բայց այսօր վաստակածս ավելի շատ ուղղում եմ երգարվեստ: Եվ ընդհանրապես, ես չեմ ուզում շատ գումար աշխատել, որ, ասենք, Ferrari գնեմ: Պարզապես ցանկանում եմ ստեղծագործել, զբաղվել այն գործով, որը սիրում եմ:

Ի՞նչ է փոխվել մեր շոու-բիզնեսում վերջին տարիների ընթացքում:

Նոր սերունդ է եկել, որն ուղղակի հիացնում է: Ազատ են. այլընտրանքային ինչ-որ միջավայր է ստեղծվել, ինչն ինձ շատ է դուր գալիս: Էքսպերիմենտներ են անում: Այնպիսի ռեժիսորներ, DJ-ներ, պրոդյուսերներ ունենք, որ քեզ մեծ հույսեր են տալիս, որ ամեն բան լավ է լինելու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее