Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանի կինը՝ եգչուհի Հռիփսիմե Ելինյանը: Նրա հետ խոսել ենք ընտանիքից եւ աշխատանքային գործունեությունից:
-Հռիփսիմե բոլորս Ձեզ ճանաչում ենք որպես երգչուհի, բայց դուք երբեք ակտիվ գործունեությամբ չեք զբաղվում, փոխարենը գիտեմ, որ շատ ակտիվորեն զբաղվում եք դասավանդման աշխատանքներով: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված որպես անհատ երգչուհի Ձեր նման աշխատելաոճը:
- Երբ ես ու Գրիգորը հանդիպեցինք, ես արդեն հայտնի էի, թերեւս ավելի հայտնի էի, քան Գրիգորը, բայց հետո, երբ ամուսնացանք ու ծնվեց մեր բալիկը, ես ուղղակի չէի կարողանում հասցնել ակտիվ աշխատել, ու այդ ժամանակ ես ու Գրիգորը մեզ համար պարտադիր պայման մշակեցինք՝ տարին մեկ տեսահոլովակ ունենալ ու այդպես էլ շարունակվեց մինչ օրս: Բացի այս, ինքս էլ ավելի շատ գերադասում եմ զբաղվել դասավանդմամբ եւ դպրոցի աշխատանքներով: Արդեն 15 տարի է՝ դասավանդում եմ, ու անհրաժեշտ ժամանակը չեմ գտնում իմ անհատական գործունեությանը տրամադրելու համար: Մարդիկ նկատած կլինեն, որ ես անգամ որպես հյուր չեմ մասնակցում հաղորդումներին:
-Նկատելի է, որ դուք եւ Գրիգորը մեծ մասամբ զուգերգներով եք հանդես գալիս: Այս մասով խոսակցություններ են պտտվում, թե Գրիգորը Ձեզ խանդում է ու դա է պատճառը, որ դուք միայնակ հանդես չեք գալիս: Որքանո՞վ են այդ խոսակցությունները հավաստի:
- Այո, ես ու Գրիգորն արդեն ութ տեսահոլովակ ունենք, այս ընթացքում ես առանձին ընդամենը երկու տեսահոլովակ ունեմ, որից մեկում Գրիգորը որպես դերասան էր նկարահանվել ու շատերի մոտ տպավորվել էր, թե դա էլ էր զուգերգ: Պետք է ասեմ, որ այո այդ խոսակցությունները մասամբ համապատասխանում են ճշմարտությանը, բայց դա միայն մեր հարաբերությունների սկզբին է վերաբերում: Երբ 2007-ին մենք ծանոթացանք եւ նշանադրվեցինք, Գրիգորը շատ էր խանդում, երբ համերգների էի լինում, նա քիչ էր մնում կուլիսներից բեմ դուրս գա: Գրիգորն իսկապես հիվանդագին խանդոտ էր, այն ժամանակ հաճախ էինք վեճեր ունենում այդ թեմայով, ու հենց նա էլ առաջարկեց զուգերգներով հանդես գալ, որպեսզի բեմում էլ նա կողքիս լինի, դե իսկ ես էլ համաձայնեցի: Թեպետ պետք է ասեմ, որ սկզբում, երբ կոմիկական բնույթի երգ երգեցինք, ես մեծ մտավախություն ունեի, որ ուսանողներիս կողմից չեմ ընդունվի, բայց փաստորեն Գրիգորն էր ճիշտ, քանի որ նա վստահ էր՝ ամեն ինչ լավ էր լինելու:
-Իսկ հիմա նրա խանդի հետ կապված խնդիրնրը հաղթահարվա՞ծ են:
- Այո, հիմա Գրիգորը բացարձակ չի խանդում, չգիտեմ ինչպես եղավ, բայց նա հասկացավ, որ ինձ պետք է վստահի եւ խանդելու առիթ չկա: Նա ուղղակի իր տեսակով շատ անհանգիստ մարդ է, եթե ժամը մեկ ես նրանից հեռախոսազանգ կամ հաղորդագրություն չստանամ, ուրեմն նրա հետ ինչ-որ բան է եղել: Թեկուզ աշխատանքի ընթացքում նա անընդհատ գրում է ինձ, հետաքրքրվում, թե ինչով եմ զբաղված, ասում, որ շատ է սիրում, փոխարենը ես դժվար եմ հեռախոսազանգերին պատասխանում, քանի որ չեմ սիրում մարդկանց ներկայությամբ հեռախոսով զբաղվել: Արդյունքում մեր վեճերը հիմա այդ հարթություն են տեղափոխվել, թե ինչո՞ւ չեմ պատասխանում նրա հեռախոսազանգերին:
-Դուք եւ Գրիգորը անընդհատ միասին եք՝ չնայած նրա ու Ձեր զբաղվածությանը, ինչպե՞ս եք կարողանում համատեղել:
- Իսկապես երկուսս էլ շատ զբաղված ենք լինում ողջ օրվա ընթացքում, բայց մենք կարողանում ենք իրար համար ժամանակ գտնել: Մեր զբաղվածությունը չի ազդում, որ մենք հեռանանք իրարից կամ իրար չսիրենք, մենք ողջ օրվա ընթացքում թեկուզ հեռախոսի միջոցով պատմում ենք իրար, թե ինչով ենք զբաղված, իհարկե, շատ լավ կլիներ, որ ավելի շատ կարողանայինք միասին անցկացնել, բայց մենք երիտասարդ ենք ու բարեկեցիկ կյանք վարելու համար պետք է մի փոքր էլ նեղություն պատճառենք ինքներս մեզ:
-Հռիփսիմե, դուք ասես անընդհատ սիրահարված լինեք իրար, նման ջերմ հարաբերությունները պահպանելը ինչպե՞ս է ստացվում:
- Դա երկուսիս շնորհիվ է, մենք երկուսս էլ շատ ենք իրար սիրում եւ երբեք չենք ամաչում ասել այդ մասին կամ դա ցույց տալ: Մենք շատ լավ ենք իրար հասկանում, անգամ լինում է մի պահ, երբ հետ ենք նայում ու հասկանում ենք, որ մեկ տարվա ընթացքում անգամ փոքրիկ վեճ չենք ունեցել:
-Ձեր որդին՝ Ալբերտը, այս տարի առաջին անգամ դպրոց գնաց: Հաճույքո՞վ է սովորում:
- Դեռեւս այո, ամեն առավոտ Մենչի երեխաների հետ հաճույքով գնում է դպրոց, քանի որ նույն դասարանում են սովորում: Իհարկե, ուրախ եմ, որ իրեն հետաքրքիր է սովորելը, բայց թե հետո ինչ վերաբերմունք կունենա, ժամանակը ցույց կտա: Ես էլ, Գրիգորն էլ շատ ենք ուզում, որ նա հետագայում արվեստի հետ առնչություն ունենա, բայց դեմ չենք լինի նրա ընտրած յուրաքանչյուր մասնագիտությանը, մեզ համար կարեւոր է, որ նա սիրի այն գործը, որով կզբաղվի:
-Հռիփսիմե, կրկին մայրանալու մասին չե՞ք մտածում:
- Ես ուղղակի երազում եմ աղջիկ ունենալու մասին, բայց քանի որ անցյալ տարի լուրջ վիրահատություն տարա, դեռեւս պետք է վերականգնվեմ: Հուսամ՝ Աստված մեզ եւս մեկ բալիկ կպարգեւի:
-Դուք եւ Գրիգորը նաեւ դպրոց-ստուդիա ունեք, ինչպե՞ս են այնտեղ աշխատանքները զարգանում:
- Այո, հատկապես ես ողջ ուժերս կենտրոնացրել եմ «Trio Studio»-ի վրա: Այստեղ շատ կապված ենք մեր սաների հետ, նրանք ուղղակի պահանջում են, որպեսզի ես ու Գրիգորը անընդհատ իրենցով զբաղվենք, ավելին ասեմ, եթե մեկ շաբաթ ինձ ու Գրիգորին երեխաները չտեսնեն, հաստատ թվաքանակում նվազում է գրանցվում: Շատ ենք շոյվում, երբ նրանց ծնողները մեզ մոտ բերելով իրենց երեխաներին՝ շեշտում են, որ բացի մասնագիտական գիտելիքներից, ուզում են իրենց երեխաները որպես մարդ մեզ նմանվեն: Երբ չորս տարի առաջ հիմնեցինք դպրոցը, այն միայն երաժշտական բնույթ էր կրում, բայց հիմա ունենք նաեւ դերասանական բաժին, որը դասավանդում է Գրիգորը, երկու շաբաթը մեկ մեզ մոտ հյուրընկալվում են հայտնի մարդիկ, կիսվում իրենց փորձով, ինչից երեխաները ավելի են ոգեւորվում: Ընդ որում նշեմ, որ մեզ մոտ սաների տարիքային խումբը սկսվում է 6-ից եւ հասնում 30-ի, ունենք 100-ից ավելի երեխաներ, որոնցից 80 տոկոսը շատ տաղանդավոր են: Նկատեմ նաեւ, որ մայիս ամսին պատրաստվում ենք մեծ համերգով ներկայանալ, այդ օրը մեր դպրոցի համար իսկական իրադարձություն է լինելու:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում