▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ունեմ իմ անձնական կյանքը, իմ սիրելին, բայց... Հասմիկ Վերդյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հեռուստասերիալներից և մանրապատումներից հայտնի դերասանուհի Հասմիկ Վերդյանի հետ:

Հասմիկ, «Տնփեսա» սիթքոմի ավարտից հետո նոր եթերաշրջանում կարծես թե էկրաններին չեք երեւում, ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, սիթքոմից հետո հեռուստատեսային աշխատանքի իմաստով մի փոքր հանգստանում եմ, բայց պետք է ասեմ, որ սիթքոմի ավարտից հետո միանգամից կոմեդիկ ժանրի գեղարվեստական ֆիլմից առաջարկ եղավ, որն էլ սիրով ընդունեցի. խոսքը Հենրիկ Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի մասին է, որը հավանաբար փետրվար ամսին մեծ էկրաններ կբարձրանա: Առաջիկայում կցանկանայի կրկին սիթքոմով հանդես գալ, իհարկե, միայն այն պարագայում, եթե տվյալ սիթքոմը ունենա որակական միեւնույն սանդղակը, ինչպիսին «Տնփեսան» էր:

Սա նշանակում է, որ լուրջ սերիալներում հրավերներ ստանալու դեպքում կմերժե՞ք:

Մեր կյանքը առանց այն էլ ծանր եւ բարդ է եւ կրկին բարդացնել նմանատիպ սերիալներով, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, դրա համար, կցանկանամ, իմ խաղով ավելի շատ ծիծաղ պարգեւել հեռուստադիտողին, քան տխրություն: Որպես դերասանուհի եւ մարդ ինձ էլ համար ավելի հաճելի է հումորային կերպարներում հանդես գալ, քանի որ իմ տեսակով ես թեթեւ մարդ եմ, թեպետ թատրոնում ես շատ տարբեր դերեր եմ մարմնավորում:

Իսկ ի՞նչ փուլում են գտնվում թատրոնի աշխատանքները:

Թատրոնում շարունակում եմ ակտիվ գործունեությունս՝ նոր ներկայացումներ,  նոր դերեր, փորձեր: Այսինքն՝ որպես դերասանուհի ես ակտիվ աշխատանքի փուլում եմ:

Հասմիկ, եթե հետևենք Ձեր կերտած կերպարներին, ապա կնկատենք, որ դուք մարմնավորել եք ավելի շատ համարձակ, խորամանկ, ինքնասածի, ազատամիտ կնոջ, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք պայմանավորում ռեժիսորների նման ընտրությունը:

Անկեղծ ասած, չգիտեմ: Այս հարցի շուրջ մտածելիս կարող եմ հիշել Ավետ Ավետիսյանին, ով կյանքում եղել է շատ հանգիստ եւ բարի մարդ, բայց իրեն մշտապես վստահել են բացասական կերպարներ: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե ռեժիսորների աչքը չի սխալվում եւ ես ավելի համահունչ եմ նման դերերի, ամեն դեպքում կարծում եմ, արտաքինս այդ հարցում իր դերն ունենում է: Իհարկե, ցանկություն ունեմ նաեւ դրական դերերով հանդես գալ ու դա ուզում եմ ոչ թե նրա համար, որ ապացուցեմ, որ ես դրական մարդ եմ, այլ որովհետեւ ես դերասանուհի եմ եւ ուզում եմ բազմաժանրությամբ հանդես գալ: Ինձ հետաքրքիր է էքսպերիմենտների ենթարկվել, օրինակ մեծ հաճույքով թմրամոլի կամ հոգեկան հիվանդի դեր կմարմնավորեի:

Հասմիկ, գիտեմ, որ թատրոնի աշխատանքը շատ եք սիրում, հետաքրքիր է՝ գո՞հ եք այսօրվա հանդիսատեսից:

Անկեղծ պետք է գտնվեմ եւ ասեմ, որ ամեն անգամ չէ, որ հանդիսատեսից ստանում ես այն, ինչ ուզում ես, որովհետեւ տարբեր տեսակի մարդիկ են նրանց շարքում նստած, մեկը գալիս է, որովհետեւ նա գլամուրային աղջիկ է, դա իր համար նորաձեւ է, մյուսը գալիս, որովհետեւ ուզում է սնվել հոգեւոր սնունդով:  Դերասանի համար մեծ բավականություն է լավ հանդիսատես ունենալը:

Իսկ այսօրվա հանդիսատեսը քիչ է, թե շա՞տ. դահլիճի աթոռները ավելի շատ զբաղված են, թե դատարկ:

Դա կախված է ներկայացումից, նաեւ կախված է նրանից, թե նախապես ինչպե՞ս է գովազդվել այդ ներկայացումը: Պետք է հաճախ թեկուզեւ հեռուստատեսությամբ հաղորդվի սպասվելիք ներկայացումների մասին:

Հասմիկ, նկատեցիք, որ Ձեր հանդիսատեսի շարքում կան գլամուրի ներկայացուցիչներ, միաժամանակ դուք շատ եք նման կերպերներով հանդես եկել, հետաքրքիր է՝ իրականում շա՞տ եք հեռու այդ տեսակից:

Շատ-շատ հեռու եմ: Ես այնքան հասարակ ու պարզ եմ, անգամ իմ ամենօրյա հագուստում ես շատ զուսպ եմ: Օրինակ «Տնփեսա»-ում ես նյարդայնանում էի, որ ինձ մեկ ժամ դիմահարդարում էին, որ պետք է ներկայանայի կոկիկ հագուստով, որովհետեւ այդ ամենը իրականում ինձնից շատ է հեռու: Ես նյարդայնանում եմ անգամ կյանքում «ճիշտ» կերպարներից, անգամ հատուկ երեկոներին սիրում եմ ներկայանալ ավելի հանգիստ հագուստով, քան շքեղ կերպարներով: Փոքրուց չեմ սիրել օրինաչափությունը, այդ տեսակս ինձնից չի հրաժարվում:

Ձեր անձնական կյանքի մասին խոսելուց միշտ չէ, որ խուսափել եք, բայց գիտեմ, որ այդ առումով հիմա վրդովմունք ունեք:

Այո, մի փոքր բարկացած եմ այսօրվա լրատվամիջոցների կողմից իմ անձնական կյանքը լուսաբանելու տարբերակից: Այսօր առանց ինձ հետ խոսելու, իմ անձնական լուսանկարները օգտագործելով կարող են գրել իմ կյանքի այդ հատվածից, ինչը կարծում եմ, շատ սխալ է: Առանց ինձ զգուշացնելու նման բան անելը խիստ սխալ է: Ես ունեմ իմ անձնական կյանքը, իմ սիրելին, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել, քանի, որ դա միայն իմն է:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее