Life.panorama.am-ը գրում է.
Կայքի զրուցակիցն է ամերիկաբնակ հաղորդավարուհի եւ դերասանուհի Մեգգի Գրիգորյանը:
Այժմ առավոտյան ծրագիր եք վարում և մարդկանց առավոտները բարձր տրանադրություն հաղորդելու որոշակի «պարտավորություն» ունեք. դժվա՞ր չէ արդյոք:
- Անչափ ուրախ եմ, որ համարվում եմ Միացյալ Նահանգների գործող ամենավարկանիշային եւ պահանջված PanArmenian հեռուստաընկերության ընտանիքի անդամներից մեկը, եւ իմ ուսերին կրում եմ ամեն աշխատանքային շաբաթ մեր ամերիկաբնակ հայրենակիցներին բարի լույս մաղթելու պարտականությունը: Իմ գործընկերների հետ միասին ուղիղ եթերում վարում եմ «Բարի լույս հայեր» հաղորդումը, որը եթերում է երկուշաբթիից ուրբաթ` 09:30-11:10-ին: Էությամբ ես գիշերային մարդ եմ, «կյանքս կտամ» առավոտյան քնելու համար: Երբ ստացա «Բարի լույս հայեր»-ը վարելու առաջարկը, առաջին դժգոհությունը, որ առաջացավ մտքումս, հենց շուտ արթնանալու հետ էր կապված, սակայն հավաքելով ուժերս եւ առաջ բերելով հաղորդավարուհու դերում հեռուստատեսություն վերադառնալու ցանկությունս, հեշտությամբ կարողացա հաղթահարել քնիս հետ կապված խնդիրները: Այժմ ամեն աշխատանքային առավոտ արթնանալով 06:00-ին` մեծագույն հաճույքով եւ եռանդով պատրաստվում եմ իմ եթերներին եւ փորձում եմ իմ դրական լիցքերն ու երանգները փոխանցել հեռուստադիտողին` նրանց օրն առավել գունեղ դարձնելու նպատակով: Հուսամ` դա ստացվում է ինձ մոտ: Հեռուստատեսությունում ամենաշատը կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը: Հատկապես ամերիկաբնակ հայրենակիցներին շատ դժվար է ստել. նրանք զգայուն են եւ բծախնդիր, իսկ երբ անկեղծ ես եթերից, ուրեմն նրանց սիրելին ես:
Մեգգի, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց «Կտակով թագուհին» հեռուստասերիալով: Հետաքրքիր է` կրկին նկարահանվելու ծրագրեր չկա՞ն:
- «Կտակով թագուհին» բազմասերիանոց հեռուստաֆիլմը մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Այն հնարավորություն տվեց թե ինձ, թե հեռուստադիտողին ավելի լավ ճանաչել եւ առավել բացահայտումներ կատարել իմ անձի եւ հնարավորությունների մասին: Չեմ ուզում ասել իմ տաղանդի, քանզի այդ բառին հարկավոր է շատ զգուշորեն մոտենալ: Նկարահանվելու առաջարկներ շատ եմ ունեցել վերջին շրջանում, սակայն դեռեւս ինձ հոգեհարազատ դեր չգտնելու պատճառով մերժել եմ: Հուսամ, որ ապագայում կգտնեմ իմ հերոսուհուն եւ մեծ հաճույքով կմարմնավորեմ նրան: Կարծում եմ` «Կտակով թագուհուց» հետո փոքր-ինչ դադարը պարտադիր էր` հեռուստադիտողին անդադար ներկյաությամբս չձանձրացնելու համար:
առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում