Life.panorama.am-ը գրում է. Հանգստյան օրերը դերասան Մխիթար Ավետիսյանի համար այնքան էլ հանգիստ չանցան, ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել բետոնե էլեկտրասյանը: Բարեբախտաբար, վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:
Փորձեցինք կապ հաստատել դերասանի հետ՝ պարզելու վթարի մանրամասները. Մխիթարը նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզվում է, մեքենան դերասանը չի վարել, ավելին, նա անգամ մեքենայում չի եղել.
«Իրականում, այդ օրը ընկերներիս հետ հավաքվել էինք, այդ ընթացքում ընկերներիցս մեկը վերցեց մեքենաս եւ դուրս եկավ, սակայն, ցավոք, ավտովթարի ենթարկվեց: Դեպքը տեղի է ունեցել, քանի որ ճանապարհին մեքենայի առջեւ շներ են դուրս եկել, իսկ ընկերս փորձել է ընթացքի մեջ չվրաերթել նրանց: Ես ոչ ղեկին եմ եղել, ոչ էլ մեքենայում»,- պատմեց դերասանը:
Հարցին, թե իր իմացությա՞մբ է ընկերը վերցրել մեքենան, Մխիթարը պատասխանեց. «Համարյա թե այո, իմ իմացությամբ: Հավատացեք, երբ լսեցի վթարի լուրը առաջինը հարցրել եմ, թե ինչպես է ընկերս, մնացած ոչ մի բանը ինձ չէր հետաքրքրում. Փառք Աստծո, մարդկային ոչ մի վնաս կամ կորուստ չունեցանք»,- նշեց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում