armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեւական դադարից հետո շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկուընկերների սպանության գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:
Նախ, Լեւոն Ղազարյանի հայրը՝ Միհրան Ղազարյանը, այսօր սպանության գործով ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ: Մինչ այդ տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Լեւոն Ղազարյանի կինը:
Սպասվում էր, որ այսօր տեղի կունենա արտագնա նիստ, որի ժամանակ պետք է զննվեն դեպքի օրը՝ 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում կրակոցների հետեւանքով վնասված եւ գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները՝ այդ թվում Երրորդմասցի Լյովիկի «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Սակայն նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաների տերերը հրաժարվում են դատարան գալ եւ մեքենաները ներկայացնել: Նրանք պատճառաբանել են, որ դեպքից հետո վնասված մեքենաները վերանորոգել են, որոշներն էլ՝ վաճառել:
Դատավարության մասնակիցները մոտ կես ժամ քննարկում էին վերանորոգված մեքենաները հետազոտելու հետ կապված հարցը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանն առաջարկեց հետազոտել գործում առկա մյուս իրեղեն ապացույցները. «Այդ մեքենաներն արդեն վերանորոգված են եւ լրացուցիչ ժամանակի վատնում կլինի դրանք հետազոտելը»,- կարծիք հայտնեց մեղադրողը եւ առաջարկեց հետազոտել ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում գտնվող երկու ավտոմեքենաները: Խոսքը վերաբերվում է Երրորդմասցի Լյովիկին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենային եւ ՎԱԶ 21-07-ին: Այս մեքենայով ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ:
Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն էլ երկու լուծում առաջարկեց՝ կամ պետք է մեղադրողը հրաժարվի, որ տվյալ մեքենաները հանդիսանում են իրեղեն ապացույց, կամ պետք է ըստ ընթացակարգի այդ մեքենաները հետազոտվեն: «Ես այդ իրեղեն ապացույցն ուզում եմ տեսնել եւ հետազոտել, որպեսզի հասկանանք, թե իրեղեն ապացույցները կրո՞ւմ են արդյոք այն հետքերը, որոնք ուժով ճանաչվել են ապացույց, եթե չեն կրում, ուրեմն իրեղեն ապացույց չեն կարող ճանաչվել: Գոյություն ունի քրեական դատավարության օրենսգրքի հստակ կարգավորում` եթե դա իրեղեն ապացույց է, պետք է հետազոտվի: Իսկ եթե մեղադրողը պնդում է, որ դրանք իրեղեն ապացույցներ են, ուրեմն ես պնդում եմ, որ ես անձամբ` որպես պաշտպանական կողմի ներկայացուցիչ, պետք է դրանք հետազոտեմ»,- հայտարարեց Սահակյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում


