Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Շողեր Թովմասյանը «Հին արքաներ» հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե փողոցում տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես:
- Շողեր, ինչպե՞ս հայտնվեցիք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում։
- Մինչ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելը, ես ունեի առաջարկ սիթքոմում նկարահանվելու: Երբ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, և երբ լսեցի պատմական հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը, միանգամից մոռացա սիթքոմի մասին: Ինձ շատ գրավեց պատմական ֆիլմի գաղափարը, չնայած իմ կերպարի բաց տեսարաններն ավելի շատ էին: Շատ էի անհանգստանում, բայց հիշում եմ՝ մայրս ասաց՝ այնպես ես խաղացել, որ հավատում եմ քեզ: Ես միայն ուրախ կլինեմ, երբ փողոցում ինձ տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես:
- Դա ձեզ վախեցրե՞ց։
- Իհարկե, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, չնայած ռեժիսորի հետ կար արդեն նախնական պայմանավորվածություն, որ կադրում ոչ մի վուլգար բան չի երևալու: Ամեն դեպքում ես սովորել եմ՝ այն, ինչ տրված է, պետք է հոգով անես, իսկ եթե տեսարանում պահանջվում է համբույր, պետք է միանշանակ համբուրվես: Բայց երբեմն ես մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում:«Հին արքաներում» իմ խաղընկերները Կառլոսը և Արմանն էին։ Վերջինս իմ ամուսնու դերում էր: Երկուսին էլ ֆիլմի նկարահանումների ժամանակ եմ ճանաչել, Կառլոսն անգամ այնպես էր մտել դերի մեջ, որ թևիս խալը վնասեց:
- Բաց տեսարաններում խաղացած դերասաններին հասարակությունն ավելի շատ է հիշում, երբեմն էլ առաջարկներն էլ շատ լինում: Երբևէ՞ չի եղել միտք՝ խաղալ այդ տեսարանում, որը գուցե հետո հաջողություն կբերի:
- Իհարկե, դա էլ կա, բայց ես ֆինանսի հետևից չեմ ընկնում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերս լավ կերտեմ և իմ աշխատասիրությունը ցույց տամ: Եթե ինձ հիմա առաջարկեն սերիալում սիրուհի, կասեմ՝ կներեք, բայց ես կկերտեմ այն միայն գեղարվեստական ֆիլմում։ Ինձ համար ամեն դեպքում որակը նշանակություն ունի: «Հին արքաների» նկարահանումները բարդ էին, մենք օրերով չէինք քնում, բայց ես չեմ նեղվել այդ փաստից: Մարդ պետք է սիրի և գնահատի այն աշխատանքը, որն անում է:
- Ֆինանսը չեք կարևորում գուցե այն պատճառով, որ ամուսնացած եք և ապահովվա՞ծ եք:
- Այո՛, բայց եթե ապահովվածությունը չլիներ, ես դերասանի մասնագիտությունը չէի ընտրի: Ես միանշանակ կընտրեի բժշկությունը, բայց դերասանի մասնագիտությունն այնքան իմն է, որ ես դրան չեմ նայում որպես աշխատանքի: Իհարկե, ամուսնուս դերն էլ է մեծ, բայց ես ինքս էլ ինքնուրույն մարդ եմ: Լինում են նաև հիասթափության պահեր, բայց ես հիշաչար մարդ չեմ, ես կարող եմ նեղանալ, հետո արագ մոռանալ դրա մասին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում