Սիրելիներս, չեմ գրում նրա համար , որ կրկին գովեստների արժանանամ, պարզապես Տիգրան Համասյանի այս հրաշալի նախաձեռնությունն ինձ տարավ հիշողությունների գիրկը, երբ 1988 թվականի այն սարսափելի օրերին բոլորս Գյումրի ու Սպիտակ էինք շնչում, երկրաշարժ ու ավերածություն էինք շնչում, մահ ու քարակույտերի տակ մնացած՝ դեռևս կենդանի , մի կերպ ձայն հանող մարդկանց ցավ ու տանջանք էինք զգում ու շնչում...երբ ամեն մարդ մոռացած իր հոգսերն ու վշտերը իր օգնությունն էր առաջարկում ու անշահախնդրորեն կատարում ինքն իր համար ստեղծած պարտականություն կոչվածը , իր սրտի թելադրած գործն էր անում՝ գոնե մի քիչ թեթևացնելու համար այն ահռելի ցավի մորմոքն ու տնքոցը,որ պատել էր երկրաշարժից տուժված մեր հայրենակիցներին...
Հենց այդ տարի էլ թողարկվեց իմ այս ձայնապնակը... ու երբ ինձ հարցրին հասցես ՝հոնորարի փոխանցման համար ես անվարան պատասխանեցի, որ իմ հասցեն և կարծում եմ բոլորի հասցեն այժմ Գյումրին է, Սպիտակն է, և խնդրեցի այդ գումարն ուղարկել Գյումրու ծնողազուրկ երեխաների ֆոնդին...
Նորից եմ կրկնում չեմ գրում, որ արժանանամ գովեստի, այլ պարզապես, հիմա այս հրաշալի ակցիան, որ կազմակերպեց մեր սիրելի Տիգրանը, կուզենայի նրան միանային մեր բոլոր երաժիշտ կատարողները և այս ամոթանքն առավել տեսանելի ու հասանելի դարձնեին աշխարհին, այն կազմակերպություններին,անհատներին, որոնք երկրաշարժի օգնության համար ուղարկած գումարները յուրացրել և մսխել են ...թե չէ հատուկ թվաբանական գիտելիքներ պետք չի հասկանալու համար , որ այդ օգնության փողերով մի քանի Գյումրի ու Սպիտակ կկառուցվեին ու կբարելավվեին...
Ես միայն ափսոսում եմ, որ դեռ անուժ եմ երգելու...
Կոչս է առանց պաուզաների շարունակել այս հրաշալի ակցիան...
Կարդացեք նաև՝ «Երբ ընդհանուր աղբի մեջ գեղեցիկ երգ է հայտնվում, ժողովուրդն անմիջապես զգում է»