Blognews.am-ը զրուցել է հաղորդավարուհի Մերի Շահինյանի հետ, ում որդին՝ Միքայելը, գրեթե 4 ամսական է:
-Մերի, որդիդ՝ Միքայելը, գրեթե 4 ամսական է: Ի՞նչ է փոխվել նրա ծննդից հետո:
-Մինչ երեխայի ծնունդը անհնար է պատկերացնել այդ մեծ երջանկությունը, որը համեմված է շատ մեծ պատասխանատվությամբ և պարտականություններով: Փոքրիկի ծնունդը գլխիվայր ամեն ինչ շրջեց: Մինչ ծնող դառնալը բոլորն էլ որոշակի ծրագրեր են կազմում, սակայն պլանավորումը հեշտ է, իրագործելն է դժվար։ Օրինակ՝ ես ծրագրում էի նույն տեմպով աշխատել, և ճիշտ պլանավորման դեպքում, վստահ էի, որ մեծ փոփոխություններ չեն լինի: Բայց իրականությունն այլ է։ Փոքրիկը պահանջում է, որ ամբողջ ժամանակդ իրեն տրամադրես և, բնականաբար, ոչինչ համարժեք չէ նրան: Ու եթե կա ընտրություն՝ ինչ-որ տեղ գնալ կամ մնալ փոքրիկի հետ, դեռևս չեմ կարող ընտրություն կատարել հօգուտ ինձ: Ամուսինս՝ ևս:
-Ամուսնությունից մոտ 1 ,5 տարի հետո արդեն ունեք Միքայելին: Շատ զույգեր նախընտրում են միասին վայելել կյանքը, հետո երեխա ունենալ:
-Մենք նման խնդիր չենք ունեցել: Ես և ամուսինս շատ եք ճանապարհորդել, հիմա էլ նույնը երեքով ենք պատրաստվում անել: Փոքրիկին երբևէ չենք նայել որպես ազատության խոչընդոտ:
- Մերի, ո՞ր փուլում սկսեցիր լիովին գիտակցել, որ մայրիկ ես:
-Ամբողջ հղիության ընթացքում ես շատ զգույշ էի, այդ փուլում երջանկությունը և անհանգստությունը միախառնվում են: Երբ փոքրիկս ծնվեց, մի քանի օր մի փոքր դժվար էր: Մի խոսք կա, երբ երեխան լացում է կամ ինչ-որ բանի կարիք ունի, նրան հանգստացնում ես՝ ասելով, թե մայրիկը շուտով կգա ու բոլոր խնդիրները կլուծի, մեկ էլ հասկանում ես, որ մայրիկը դու ես :)
-Ինչպիսի՞ մայրիկ ես:
-Ես ավելի շատ կրեատիվ մամա եմ: Փորձում եմ յուրաքանչյուր գործողություն երեխայի հետ անել: Մեր օրը շատ ուրախ է սկսվում, անընդհատ շփվում ենք միմյանց հետ: Կարծում եմ՝ շատերի խնդիրն այն է, որ իրենք չեն խոսում իրենց երեխաների հետ՝ մտածելով, թե երեխան փոքր է, չի հասկանա: Ես փորձում եմ խոսել ու լսել իմ երեխային:
- Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվում:
- Երեխայի բնավորությունը մինչև երեք տարեկան է կազմավորվում, իսկ դաստիարակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ինձ նախապատրաստում եմ, որ որոշակի ժամանակ անց մեր ցանկությունները կարող են և չհամընկնել: Բացի այդ՝ ես տեսակով խիստ չեմ: Ես ուզում եմ երեխայիս համար հետաքրքրությունների լայն սպեկտոր ստեղծել, որպեսզի նա կարողանա ընտրություն կատարել: Մինչ Միքայելի ծնվելը, ինչպես յուրաքանչյուր ապագա մայրիկ, «պետք է»-ների ցուցակ ունեի, այժմ ավելի ինտուիտիվ եմ շարժվում: Յուրաքանչյուր մայր հասկանում է իր երեխային: Օրինակ՝ կա կարծիք, որ երեխան չպետք է փորիկի վրա քնի: Ես գիտեմ, որ տղաս այդպես է իրեն լավ զգում և հանգիստ քնում: Մենք նորմայի մեջ չենք մտնում կամ գուցե մտնում ենք, չգիտեմ, ամեն դեպքում ես չեմ փորձում փոխել դա: Սխալ է ինչ-որ բան ստիպելը:
- Անփորձությունը բարդություններ ստեղծե՞լ է փոքրիկի խնամքի հարցում, թե՞ մայրական բնազդն իր գործն անում է:
- Երբ երեխան ծնվում է, շատ ես վախենում: Մի քանի ժամ անց այդ ամենը վերանում է․ բնությունն է այդպես ստեղծել կանանց, ամեն բան ինքն իրեն ստացվում է։
Ինձ առաջարկում էին դիմել դայակի օգնությանը: Ես երկար տատանվում էի, մինչև հիմա էլ դեռ չունեմ որոշում: Ամեն դեպքում երեխայի ծնվելուց առաջ վստահ էի, որ դայակի օգնությանը կդիմեմ: Այժմ պատրաստ չեմ ոչ ոքի վստահել իմ փոքրիկին:
- «Կտոր մը Հայաստանի» երկրորդ եթերաշրջանն արդեն սկսվել է: Ինչպե՞ս ես համատեղում, ո՞ւմ խնամքին ես թողնում փոքրիկին:
- Ես այժմ իմ ուժերի 20 տոկոսով եմ աշխատում: «Կտոր մը Հայաստանի» նկարահանումների մի մասն ամռանն էի արել, ընդհուպ մինչև 8,5 ամսական: Ամեն դեպքում, դա չի կարելի համեմատել Կենտրոնական բանկի իմ աշխատանքի կամ իմ ուղիղ եթերների նախկին տեմպի հետ:
Նկարահանումների գնալիս էլ որդուս թողնում եմ կա՛մ ամուսնուս, կա՛մ մայրիկիս խնամքին:
-Ամուսինդ շա՞տ է օգնում քեզ:
-Այո՛, իմ առօրյան հոգսաշատ չէ, որովհետև ես մենակ չեմ: Շատերը զարմանում են, որ երեխան ամուսնուս մոտ է, իսկ ես նկարահանման եմ գնում:
- Երբ ընտանիքում նոր անդամ է ավելանում, նաև դերերի վերաբաշխում է լինում: Միքայելի ծննդից հետո քո և ամուսնուդ հարաբերությունները փոխվե՞լ են:
- Միայն այն, որ երկուսս էլ ամբողջ սերն ու հոգատարությունը փոքրիկին ենք նվիրում: Մենք շատ լավ ընտանիք ունենք, նաև՝ շատ լավ ընկերներ ենք: Միշտ է այդպես եղել: Իսկ երեխան ընտանիքը լիարժեք է դարձնում: Մնացածը, կարծում եմ, ուղղակի կարծրատիպեր են: Դրա համար չեմ կարող ասել՝ երեխան ավելի է միավորել մեզ, միշտ ենք այդպես եղել:
- Մերի, դու ցանկանում էիր դուստր ունենալ: Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ իմացար, որ որդի ես ունենալու:
- Ես վստահ էի, որ աղջիկ եմ ունենալու, նույնիսկ աղջկա անուն էի որոշել, հագուստ էի ընտրում: Զարմացել էի, երբ իմացա, որ որդի եմ ունենալու: Այժմ այնքան երջանիկ եմ, որ տղայի մայր եմ: Երեխաների մեջ սեռի տարբերություն չկա:
- Հիմա մտածո՞ւմ ես երկրորդ երեխայի մասին:
- Իհարկե, կցանկանամ, բայց դա Աստծո կամքով պետք է լինի: Կնոջ համար ամենակարեւոր ու հաճելի դերը կին և մայր լինելն է։
|
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում