▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել. Վարդան Օսկանյան

Առհասարակ, Հայաստանում հարցերը լուծելու համար արտաքին գործոնի շահարկումը, հատկապես այս օրերին, նեղմիտ, անհեռանկար և վտանգավոր երևույթ է։

Բարեբախտաբար, հայաստանյան այսօրվա փողոցը նշանակություն չի տալիս դրան, և ես համոզված եմ, որ այդ շահարկումները որևէ ազդեցություն չեն ունենալու առաջիկա օրերի իրադարձությունների վրա։

Հայաստանի բոլոր իշխանությունները՝ նախկին, թե ապագա, անկախ իրենց աշխարհայացքից, ունակություններից, Ռուսաստանի շահերի ընկալումից, քծնողական հակումներից, գիտակցել և գիտակցելու են Ռուսաստանի հետ բարեկամական և խորքային կապերի ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։

Ես կարող եմ վստահեցնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել։ Նա պարզապես լռելյայն ակնկալում է գործընկերների նրբանկատությունն իր ազգային շահերի հարցում։

Ուստի Հայաստանի իշխանությունների միջև տարբերությունը, ինչպես նաև խնդիրն ու մարտահրավերը կարող է լինել այն, թե Ռուսաստանի շահերի նկատմամբ նրբանկատության ինչ սահմաններ են նրանք դնում իրենց համար։ Եթե այդ սահմանները շատ լայն են, դու քեզ դնում ես անհարկի կախման մեջ և էապես նվազեցնում անկախ արտաքին քաղաքականություն վարելու և Հայաստանի շահերը հետապնդելու հնարավորությունները։

Եթե այդ նրբանկատությունը նվազագույն սահմաններում է, ապա Ռուսաստանի հակազդեցությունը չառաջացնելով հանդերձ՝ կարողանում ես արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Այս պարագայում դու ոչ միայն չես նեղացնում Ռուսաստանին, այլև ունենում ես նրա ավելի մեծ հարգանքն ու վստահությունը։

Համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները կգտնեն խելամիտ սահմանը։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

ՀՀ նախկին ԱԳ նախարար 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее