System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ էր արել «հեռու մնալ» ամերիկյան «Մոնսանտո» (Monsanto) ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:
«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելին չասեմ: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր երգիչը:
Ասում են՝ ոնց որ թե ընկերությունը փոխել է որոշումը՝ Հայաստանի հետ կապված: Բայց, դե ծուխն առանց կրակ չի լինում և մինչև վերջնական չհայտարարվի այդ մասին՝ ՀՀ-ում քաղաքացիները մտահոգվելու առիթ կունենան:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ՝ Հայաստանը չի կարող ունենալ նմանատիպ գյուղատնտեսություն՝ պարզ և օբյեկտիվ պատճառով: Չունենք ազատ հողակտոր, որտեղ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ կարող են արտադրել:
Ամեն դեպքում պետք է կարողանանք տարբերակել մոդիֆիկացված ու օրգանիկ սնունդը:
«Օրինակ՝ Իտալիայում մարդը մտնում է սուպերմարկետ, գիտի, որ էժանը գենետիկորեն մոդիֆիկացված է, թանկը՝ օրգանիկը: Ոչ ոք նրան իրավունք չունի ուղղորդելու: Կարող է ես ժլատ եմ, նախապատվությունը տալիս եմ էժան մթերքին, ինձ չեն հետաքրքրում իմ առողջական խնդիրները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Պիպոյանը:


