Life.panorama.am-ը գրում է.
Աայսօրվա զրուցակիցն է երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը:
Նիկ, դուք անընդհատ աշխատանքային խիստ զբաղվածության մեջ եք գտնվում, այս պահին կոնկրետ ի՞նչ գործերով եք զբաղված:
- Վերջերս Հրաչ Քեշիշյանից առաջարկ ստացա նկարահանվել ֆրանսիահայկական գեղարվեստական ֆիլմում, որի պրոդյուսերը հենց Հրաչ Քեշիշյանն է: Այս ֆիլմում ես կրկին երաժիշտ եմ՝ դաշնակահար, խաղում եմ Հրաչուհի Ութմազյանի եւ Արսեն Գրիգորյանի հետ, ի դեպ ֆիլմում նկարահանվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանը: Հիմա նկարահանման ընթացքի մեջ ենք, այն հավանաբար հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի:
Նիկ, սա որպես դերասան հանդես գալու Ձեր առաջի՞ն փորձն էր:
- Այո, առաջինն էր:
Հետաքրքի՞ր էր որպես դերասան հանդես գալը:
- Ոչ, ինձ համար աշխատանքային առումով շատ անհետաքրքիր էր, քանի որ ամեն բան պատրաստ է առանց դերասանի մասնակցության եւ դերասանին մնում է միայն գնալ եւ նկարահանվել, որտեղ իմպրովիզի հնարավորությունը հնարավորինս քիչ է, իսկ այ այդ առումով թատրոնում ավելի հետաքրքիր է: Մի խոսքով, որպես երաժիշտ ինձ համար հետաքրքիր չէր, բայց վստահ եմ, որ մասնագիտությամբ դերասանների համար այդ ոլորտը շատ հետաքրքիր է: Ինձ ավելի դուր է գալիս իմ աշխատանքը:
Նիկ, իսկ դժվարություններ չեղա՞ն Ձեր դերը կերտելու հետ կապված:
- Ինձ համար միակ դժվարությունը գիշերը 04:00-ին արթնանալն էր, քանի որ ես շատ քնկոտ եմ, սովորաբար քնում եմ 12:00-ին եւ առավոտյան շուտ արթնանում, երբեք 04:00-ին չէի արթնացել, անգամ որեւէ տեղ մեկնելիս ինքնաթիռի տոմսերը դիտմամբ գիշերվա ժամերի չեմ գնում:
Նիկ, դուք անընդհտ նոր երգեր եք գրում, գործիքավորում մեր երգիչ-երգչուհիների համար, բայց Ձեզ համար կարծես թե նոր երգ ներկայացնելու ժամկետները ուշանում են:
- Ճիշտ եք, ինձ հերթը չի հասնում, բայց այս պահին հենց դրանով եմ զբաղված, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա մյուս շաբաթ վերջապես երկու տարվա դադարից հետո կնկարահանեմ իմ նոր տեսահոլովակը: Տեսնենք կստացվի, թե ինչ-որ մի բան կրկին կխանգարի, քանի որ ես միշտ ավելի կարեւորում եւ սիրում եմ ուրիշների համար աշխատելը, քան իմը: Պետք է ասեմ, որ ինքս ինձ համար մի բան անելիս անում եմ հենց միայն ինձ համար: Հիմա ինձ համար 500 երգ ունեմ գրած, բայց չեմ ուզում հին գրած երգերից մի բան վերամշակել ու հրամցնել, դրա համար սպասում եմ նոր էմոցիաների, որ նոր երգեր ստեղծեմ ու ներկայացնեմ:
Նիկ գիտեմ, որ դուք եւ Սոնե Սիլվերը Ձեր բենդն եք կազմել եւ արդեն առաջին համերգը իրականացված է, մի փոքր կպատմե՞ք:
- Այո, մենք մեր համատեղ բենդն ենք կազմել, որի առաջին համերգը արդեն կայացել է, դեռեւս ծրագրի մի մասում Սոնե Սիլվերն է երգում, մյուսում՝ ես, բայց առաջիկայում հուսամ զուգերգներ էլ կունենանք: Պետք է նկատեմ, որ հենց առաջին օրն էլ շատ աշխույժ ու ջերմ հանդիսատես էր հավաքվել, շատ ուրախ ու հետաքրքիր անցավ, ամենակարեւորը բարձր տրամադրությամբ:
Նիկ, վերջին շրջանում «Նիկ Եգիբյանը» կարծես թե բրենդ է դարձել, այսօր շատ երգիչներ, երբ համագործակցում են Ձեզ հետ, առաջինը այդ փաստն են նշում՝ նկատելով, որ որակն ապահոված է: Ինչպե՞ս եք կարողացել այդ որակին հասնել:
- Ինչ հաճելի բնորոշում է, շնորհակալ եմ: Այդ որակին կարելի է հասնել ինքդ քեզ աչքաթող անելով եւ ուրիշների համար աշխատելով: Նման որակի հասնելու համար պետք է շատ աշխատասիրություն: Ի սկզբանե ինձ մոտ գործիքավորման եւ երգերի հետ կապված ավելի շատ ոչ թե տաղանդն է եղել, այլ աշխատասիրությունը, քանի որ, երբ ես երգում եմ, դա իմ ձայնային տաղանդն է, բայց երբ ես գործիքավորում եմ, դա երկար օրերի աշխատանք է. երբ մի բան անընդհատ ստացվում է կյանքումդ, հասկանում ես, որ Աստված ուզում է, որ դու դա անես:
Ինչպե՞ս սկսեցիք գործիքավորման աշխատանքով զբաղվել:
- Ամեն ինչ սկսվեց Դեր Հովայի կողքին նստելով եւ նրա աշխատանքին հետեւելով: Ես երկար կարող էի հետեւել նրա աշխատանքին, հետո գալ տուն, ինձ համար փորձել մի քանի բան անել, արդյունքում կամաց-կամաց սկսվեց այս ոլորտը ինձ համար բացահայտվել: Այնպես որ, սա իմ մասնագիտությունը չի եղել, ի վերջո ես սովորել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը եւ օպերային երգիչ եմ, ես ուղղակի սիրում եմ անընդհատ նոր ոլորտներ մտնել, նոր բաներ իմանալ եւ ինձ նորովի փորձել:
Նիկ, դուք ոչ միայն բրենդ եք դարձել, այլեւ շատերի լավագույն ընկերը, ինչպե՞ս է հաջողվում գրեթե բոլորի հետ ունենալ այդքան ջերմ, ընկերական հարաբերություններ:
- Ես իմ ստուդիան այնպես եմ դարձրել, որ բոլորը կարծես թե տուն գան, մարդիկ գալիս են, մենք սրճում ենք, զրուցում, շփվում, հետո քննարկում երգը, նրանք կարող են գալ, երբ ուզեն, ես մշտապես փորձում եմ հարմարեցնել նրանց, այլ ոչ թե ինձ: Մեր արտիստները, երբ գալիս են ինձ մոտ, նրանք չեն գալիս ուղղակի երգ գրելու կամ գործիքավորելու համար, նրանք գալիս են մեծ համակարգված աշխատանք ունենալու համար, բայց ամենակարեւորը նրանք գալիս են ուղղակի ընկերություն անելու համար:
Նիկ դուք Ձեզ դիմող բոլոր կատարողներին եք ընդունում, թե այդ հարցում որոշակի սկզբունքներ ունեք:
- Ինձ համար շատ կարեւոր է մարդկային որակն ու ինտելեկտը: Կան մարդիկ, ում դեմքին նայելով հասկանում ես, որ ուզում ես իր համար աշխատել, բայց կան նրանք, ում կրկին նայելիս հասկանում ես, որ ոչինչ չունես իրենց տալու: Նա, ում հետ կաշխատեմ, պետք է ինձ համար հետաքրքիր աշխարհ ունենա:
Նիկ, Ձեզ հետ համագործակցությունը թա՞նկ արժե:
- Ոչ: Պետք է ասեմ, որ անգամ իմ առաջին համակարգիչը իր միկրոֆոնով եւ իր մնացած պարագաներով ես չեմ գնել, ինձ նվիրել են, որը արժեր մոտավորապես 900 ԱՄՆ դոլար, իսկ մնացածին հասել եմ իմ աշխատասիրության արդյունքում:
Իսկ տեսահոլոաների հարցո՞ւմ կրկին աստղաբաշխական թվեր չե՞ն գործում եւ առհասարակ, ինչպե՞ս սկսեցիք այս ոլորտում եւս աշխատել:
- Ինձ մոտ ամեն բան իր բացատրությունն ունի: Ռեժիսուրական ձգտումներս հայտնաբերվեց այն ժամանակ, երբ ես ինձ համար տեսահոլովակ էի ուզում նկարահանել, այդ ժամանակ մի քանի ռեժիսորների հետ խոսեցի, ովքեր այնպիսի գնային փուչիկ ստեղծեցին, որը պետք էր ուղղակի պայթեցնել, որովհետեւ իմ երաժշտությունը Հայաստանում կոմերցիոն երաժշտություն չի համարվում եւ, բնականաբար, իմ արած աշխատանքով ես ներդրած մեծ գումարներս հետ չեմ կարող բերել: Արդյունքում կրկին մինչ այդ տեսնելով, թե ինչպես են ռեժիսորները տեսահոլովակ նկարահանում, հասկացա, որ եթե էսթետիկական աչք ունես, մի փոքր շատ բան ես նայել, ապա ինքդ կարող ես ինչ-որ բան ստեղծել, որը մոնտաժի միջոցով իրար միացնելով կարելի է ստանալ ցանկալի արտադրանք: Մի խոսքով, այն գումարը, որը պետք է տայի ինչ-որ ռեժիսորի, ով ինձ համար տեսահոլովակ կնկարահաներ, գնեցի պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, որն իր վրա ուներ վիդեոֆունկցիա, ինչով որ գրեթե բոլորն են աշխատում, այդպես գնելով առաջին ֆոտոխցիկը՝ նկարահանեցի առաջին տեսահոլովակս, գնելով երկրորդ ֆոտոխցիկը՝ նկարահանեցի հաջորդ տեսահոլովակս, հետո էլ սկսեցի ուրիշների համար նկարել: Ես փորձում եմ մինիմալ ռեսուրսներով մաքսիմալը ստանալ, այն դեպքում, երբ մարդ չունի օրինակ 7-8 հազար դոլար տեսահոլովակ նկարահանելու համար, ես նկարահանում եմ դրա մինիմալ չափով: Ես մի բան հասկացա, եթե գոյություն ունի դաշտ, որը դատարկ է, պետք է զբաղեցնել այդ դաշտը, եթե բոլորը տեսահոլովակ են նկարահանում 7-8 հազար դոլարով, ես կնկարեմ դրա 10 տոկոսով, բայց անընդհատ աշխատանք կունենամ: Ես ինքս եմ իմ ռեժիսորը, օպերատորը, ոճաբանը…պետք է ընդամենը սիրտ ու հոգի դնել աշխատանքի մեջ եւ վերջ:
Շատ երիտասարդ կատարողների համար նաեւ որպես երաժշտական պրոդյուսեր եք հանդես գալիս, մի փոքր բարդ չէ այդ ամենը համատեղելը:
- Իհարկե, բարդ է, բայց այդ ամենից հետ կանգնելու համար արդեն ուշ է: