Life.panorama.am-ի հետ զրույցում «Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի նոր՝ընտանեկան տաղավարի ու իր առաջիկա ծրագրերի մասին պատմել է հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը:
«Երկար ճամփորդությունից հետո մենք կրկին տանն ենք»` ահա այս զգացողություններով մենք` ես ու Գայանե Ասլամազյանը, տեղափոխվեցինք «Բարի լույսի» նոր, բայց միեւնույն ժամանակ հին տաղավար: Հենց այս տաղավարից եմ ես սկսել «Բարի լույս»-ում իմ գործունեությունը, - նկատեց հաղորդավարուհին ու շարունակեց,- մեր նոր տաղավարն էլ ավելի լուսավոր է, ջերմ ու գունեղ, բացի այդ` նոր եթերաշրջանում հետզհետե ունենալու ենք նոր էջեր, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն հաղորդաշարն ու մենք էլ կշարունակենք ժպիտով սկսել ամեն մի նոր օրը»:
«Նոր էջերի մասին մենք էլ ընթացքում ավելի հստակ կիմանանք, հիմա դեռեւս կարող եմ նշել բլից-հարցումները, որը պատրաստում է մեր լրագրողներից մեկը. նա հայտնի մարդկանց բլից հարցեր է տալիս, որոնց արագ պատասխանելու ընթացքում զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում: Ընդ որում նշեմ, որ հնչում են սովորական հարցեր, օրինակ՝ ո՞ր գույնն է ամենասիրելին, ո՞րն է ամենասիրելի քաղաքը եւ այլն»,- նշեց Սիմա Բաղդասարյանը:
«Բարի լույս»-ի նոր տաղավարում կլինեն նաեւ պրեմիերաներ, հետաքրքրվելով, թե մեր հայտնիները կարողանո՞ւմ են վաղ առավոտյան ճիշտ ժամի ներկայանալ հաղորդմանը, Սիման պատմեց.
«Իրականում հյուրերի ուշացման հետ կապված խառնաշփոթային իրավիճակների մեջ ընկնում են մեր կադրից դուրս աշխատող գործընկերները, իհարկե, հաճախ են լինում, երբ մեր հյուրերը ուշանում են, մենք էլ փրձում ենք քողարկել դրանք՝ հաղորդման էջերը առաջ գցելով կամ տեսահոլովակներ ցուցադրելով, բայց իմ պրակտիկայում մեկ, երկու անգամ է ընդամենը պատահել, որ հյուրերը չեն եկել»:
Հարցին, թե բացի առավոտյան հաղորդումից Սիմա Բաղդասարյանը կցանկանա՞ր այլ ուղվածության հաղորդաշարով ներկայանալ, նկատեց.
«Այո, ինչու ոչ, եթե ինձ հետաքրքրի այդ ոլորտը, ուրեմն սիրով կցանկանամ նաեւ այլ ուղվածության հաղորդմամբ ներկայանալ: Ես ինձ միայն լրատվական հաղորդումներում չեմ պատկերացնում, մնացած բոլոր տեսակի հաղորդումներում ինձ հետաքրքիր կլինի: Ցավոք, մեր հասարակության մեջ ընդունված է պիտակավորումը, եթե հաղորդավարին տեսնում ենք միայն առավոտյան հաղորդման մեջ, կարծիք է ստեղծվում, որ այդ հաղորդումից այն կողմ այդ մարդը ուրիշ ոչ մի տեղ չի կարող ներկայանալ: Յուրաքանչյուր ոլորտում դրսեւորվելը կախված է հաղորդավարի գիտելիքներից, իմացության աստիճանից եւ այդ նախագծի նկատմամբ հետաքրքրված լինելուց, եթե այդ հատկանիշները լինեն, հաստատ ամեն ինչ կհաջողվի: Սա նշելով՝ պետք է շեշտեմ նաեւ, որ ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ես չեմ հոգնել իմ գործունեությունից, ավելին՝ այլ ոլորտում հրավիրվելու դեպքում կցանկանամ համատեղել, այլ ոչ թե հեռանալ իմ աշխատանքից. Ըստ իս՝ ես երբեք չեմ հոգնի իմ աշխատանքից»:
«Բարի լույս»-ում տիրող համերաշխ մթնոլորտը Սիմա Բաղդասարյանի կարծիքով մի գաղտնիք ունի.
«Մենք միասին արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում ենք: Մեր բախտը բերեց, որ մենք ոչ միայն գործընկերներ ենք, այլեւ ընկերներ, իրար շատ հարազատ ու մտերիմ ենք ընդունում, իրար ամեն կերպ հասկանում ենք, ընդունում ու հարգում: Փառք Աստծո, որ մեր աշխատավայրում իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում, հուսամ այդպես էլ կշարունակվի»,- հավելեց նա:
Սիմա Բաղդասարյանին հեռուստադիտողը հասցրել է տեսնել նաեւ որպես դերասանուհի, հետաքրքրվելով, թե առաջիկայում կրկին այդ ոլորտում ներկայանալու ծրագրեր չունի՞, հաղորդավարուհին պատմեց, որ վերջերս է հրաժարվել նման առաջարկից.
«Բոլորովին վերջերս «Աբելի քույրը» հեռուստասերիալից առաջարկ ստացա, բայց հրաժարվեցի, որովհետեւ ուրիշ ծրագրեր ունեի, բացի այդ մտածեցի, որ իմ՝ հաղորդավարի կերպարը հնարավոր է այնքան էլ ճիշտ չընկալվի, հատկապես, որ հաղորդման բժշկական էջը ես եմ վարում, իսկ այդ ոլորտը իսկապես շատ լուրջ ոլորտ է: Ես ինձ ավելի շատ տեսնում եմ որպես հաղորդավարուհի, այլ ոչ թե դերասանուհի: Սերիալներին դեմ չեմ, բոլորին հարգում եմ, բայց դա երեւի իմը չէ: Կրկնվեմ՝ ես ինձ դերասանուհի չեմ համարում, բայց կարծում եմ, եթե շատ հետաքրքիր առաջակ ստանամ այդ ոլորտից, չեմ կարողանա հրաժարվել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում