▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել․․․․. Նիկոլ Փաշինյան

Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար։

2․ Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ–ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։

3․ Քանի որ Կանոնագիրքը օրենք է նաեւ իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է եւ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։

4․ Վերը նշված արարքով նույն անձը նաեւ երդմնազանց է եղել, որովհետեւ կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել եւ ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․ «Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաեւ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած եւ ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը եւ հետեւաբար պետք է կարգալույծ լինի նաեւ երդմնազանցության հիմքով։

Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցու՞, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։

Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ․ «Յուրաքանչյուր կուսակրոն հոգեւորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետեւյալ ուխտով (տե՛ս կցված տեսանյութը, որը համացանցից պատահականորեն վերցված օրինակ է)։ Արարողության վերջում Ուխտագրի տեքստը ստորագրվում է։
(Մեջբերում)․ «Ես տեր Անուն աբեղա Ազգանունս, օրհնությամբն Աստծո և կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ․
Առաջին – Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ Հավատով ու նվիրում ծառայել Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։
Երկրորդ – Անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդած դավանությունը, պահել և ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։
Երրորդ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչև իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորական ողջախոհության և հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։
Չորրորդ – Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով, անձաձրույթ կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները տևապես հետամուտ լինել իմ հոգեւոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական և կրթական աշխատանքին, որքան ներեն իմ կարողությունները։
Հինգերորդ – Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները և աշխատանքները կատարել սիրով և եռանդով։
Որպես երաշխավորություն իմ այս խոստումների, ստորագրում եմ սույն ուխտագիրը» (մեջբերման ավարտ)։
Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է։
Հանգամանքը, երբ շատերը գիտեն ուխի խախտման մասին, բայց լռում են, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը խարխլելու ուղիղ գործելակերպ է։
Անկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի և ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։ Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն և պետք է հեռանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Այս տեքստը Կանոնագրքի կոնկրետ հոդվածներով հիմա չեմ ծանրաբեռնում։ Առաջիկայում, սակայն, հարցին այդ մանրամասներով ևս կանդրադառնամ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее