Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգչուհի Գաբիի հետ, ով խոսել է իր երազանքների մասին, պատմել է անցած ճանապարհի, ինչպես և ապագա պլանների մասին:
Գաբի, գիտեմ, որ ունեք հարուստ երաժշտական կրթություն, կպատմե՞ք անցած ճանապարհի մասին:
Վեց տարեկանից երգել եմ «Զորավար Անդրանիկ» ազգագրական երգի, պարի անսամբլում, որից հետո տեղափոխվեցի «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբ, հետո ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարան, որտեղ Գեւորգ Մանասյանի օրկեստրում աշխատեցի որպես մեներգչուհի: Ճանապարհն իսկապես երկար է եղել, բավականին երկար տարիներ եմ զբաղվել կրթությամբ, ես չեմ ցանկացել աճել ժողովրդի աչքի առջեւ, ես ցանկացել եմ արդեն որոշակի բազա ունեցած ներկայանալ, ինչն, իմ կարծիքով, ճիշտ է: Նկատեմ նաեւ, որ իմ հիմնական ոճը ավանգարդ ֆոլկն է եղել, որն ինձ համար հիմք եմ համարում երգարվեստում:
Գաբի, երկար ժամանակ չէ, ինչ մուտք եք գործել շոու բիզնես, բայց արդեն այս ոլորտում Ձեր անունը կարծես հաճախ է հնչում, հետաքրքիր է՝ սպասելիքներն արդարացվա՞ծ են:
Այո, ճիշտ նկատեցիք, որ երկար ժամանակ չէ, ինչ շոու բիզնեսում եմ, ավելի ճիշտ, ինչ էկրաններին եմ, բայց բավականին երկար ժամանակ է, ինչ ինքնակրթվում եմ: Սպասելիքների արդարացումի մասին էլ խոսելը դեռ շուտ է, քանի որ նոր եմ սկսել աշխատել եւ իմ լսարանն էլ դեռ ամբողջովին կազմված չէ:
Գաբի, իսկ դժվարությունների հասցրե՞լ եք հանդիպել այս կարճ ժամանակահատվածում:
Այո, այս ոլորտ մուտք գործելը արդեն ամենադժվար էտապն է, առավել եւս, երբ չունես հովանավոր, պրոդյուսեր, չկան մարդիկ, ովքեր քեզ հետ հավասար զբաղվում են քո իսկ առաջխաղացման համար:
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չեք դիմում որեւէ պրոդյուսերի, ով կզբաղվի այդ ամբողջ հարցերով:
Ես չեմ ուզում որեւէ մեկին որակել, բայց կարծում եմ, մենք չունենք այն պրոդյուսերական դպրոցը, որը ես պատկերացնում եմ, եթե ճանապարհիս հայտնվի անհատ, ով քիչ թե շատ գաղափար կունենա պրոդյուսինգից, ապա կսկսեմ նրա հետ աշխատել: Իսկ հիմա դեռ ես ինքս եմ հաղթահարում բոլոր դժավրությունները, գուցե դա սխալ է՝ չգիտեմ:
Գաբի, ինչպես ներկայացրեցիք, ունեք երաժշտական բավականին ծավալուն կենսագրություն, բայց դուք էլ կարծես թե վերջերս ներկայացրեցիք կոմերցիոն երգեր, հետաքրքիր է՝ նման երգեր ընտրելը Ձե՞ր ցանկությունն է, թե ժամանակակից պահանջներին համապատասխան քայլելու ձգտումը:
Ես աշխատում եմ երկու ժանրում՝ կոմերցիոն, որը կլսեն ավելի երիտասարդները եւ ավանգարդ ֆոլկ ոճում, որը ինձ համար հիմք է եւ ապագայում էլ կլինի նաեւ իմ հիմնական ուղղությունը: Պարզապես հիմա ես ունեմ ֆինանսական խնդիրներ, ինձ պետք էր, որպեսզի պահանջված կոմերցիոն երգերով գումար աշխատել, որովհետեւ ես չունեմ հովանավոր, սիրեկան եւ հարուստ պապա: Հիմա ես ամեն բան ինքս եմ անում, կոմերցիոն ժանրում ես գումար կվաստակեմ, բայց ես ունեմ այլ պլաններ, որոնց համաձայն կոմերցիոն ժանրում ես երկար չեմ աշխատի, մի օր կգա, երբ ես բացառապես որակյալ ավանգարդ ֆոլկ երաժշտություն կներկայացնեմ, այնպես որ այսօրվա իմ ներկայացրած կոմերցիոն երգերը ժամանակավոր են: Միաժամանակ բոլոր այն մարդկանց տեսակետներին ի հակադրություն ուզում եմ հատուկ շեշտել, որ այն, ինչ ես ներկայացնում եմ որպես կոմերցիոն երաժշտություն, դրանցում բացակայում են թուրքական կամ արաբական լադային համակարգերը, վերջին երգս պատրաստված է բուլղարական մոտիվներով, իսկ առաջինը՝ հունական մոտիվներով: Այսինքն՝ ես չեմ հասկանում չտեղեկացված լինելով մարդկանց քարկոծելու իմաստը:
Ո՞րն է այս ոլորտում Ձեր ամենամեծ երազանքը:
Ես մի մեծ երազանք ունեմ, որ հայկական ֆոլկ երգերը իմ մատուցմամբ ներկայացնեմ մեր երկում, շատ եմ երազում կենդանի համերգների մասին, հետաքրքիր մշակումների մասին եմ մտածում, որոնք կկարողանամ ներկայացնել իմ բենդի հետ: Այսօր ես լավ լսարան կհավաքեմ, որին հետո կհրամցնեմ լավ երաժշտություն: Եթե այսօր որպես Գաբի ինձ սիրեն, հետո ստիպված իմ կատարմամբ լավ երաժշտություն կլսեն, որը գուցե հիմա մատուցելով չլսեն:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում