Տեղեկացրել ենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:
Ներկայացված ներդրումային ծրագրերի թվում եղել են Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներից մեկի բիզնես առաջարկն, ինչպես նաև Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացումը: «Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», - դիմելով գործարարներին ասել է վարչապետը:


