Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցը բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արմեն Դալլաքյանն է, ով շարունակում է ցանկալի փեսացուների շարքը լրացնել: Մեզ հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն աշխատանքային գործունեությունից, այլեւ երկրպագուհիների անակնկալներից:
-Արմեն, եթե խորապես ուսումնասիրենք Ձեր անցած ճանապարհը,
ապա կհիշենք նաեւ Ձեր իրավաբանի կրթությունը.
Ամբողջովին փակե՞լ եք այդ էջը, թե՞ ոչ:
- Անկեղծ ասած՝ չեմ փակել այդ էջը, որովհետեւ երբեմն ժամանակ է գալիս, երբ մարդ իր հիմնական մասնագիտության օգնությանն է դիմում: Իմ պարագայում եւս այդպես է, հիմա իմ կինոստուդիայի իրավաբանական հարցերով ինքս եմ զբաղվում:
-Դերասանի մասնագիտությունը, ինչ խոսք, հաղթել է Ձեր մեջ,
ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:
- Յուրաքանչյուր մասնագիտություն տարիների ընթացքում թարմություն է պահանջում: Միանշանակ չեմ կարող ասել դերասանի մասնագիտությունը հաղթել է, թե ոչ, բայց մի իմաստով իսկապես հաղթանակ կնքել է, քանի որ արդեն տասը տարի է, ինչ զբաղվում եմ այդ աշխատանքով:
-Արմեն, եթե հետեւենք Ձեր մարմնավորած կերպարներին, կնկատենք որ
նույնանման դերեր են վստահում Ձեզ` մշտապես խորամանկ, կնամոլ,
երբեմն նաեւ բացասական կերպարներ, ինչով եք պայմանավորում դա:
- Միգուցե ռեժիսորներն այդ դերերում են ինձ տեսնում, դրա համար էլ նմանատիպ կերպարներ են վստահում: Սակայն դերասանի համար չկան նույնանման կերպարներ, կան մեծ տարբերություններ, որը միայն դերասանը կզգա: Դերասանի պարտականությունն է հնարավորինս ճիշտ մատուցել իրեն վստահված դերն ու համոզիչ լինել:
-Որքանով տեղյակ եմ՝ այժմ զբաղված եք նկարահանումներով եւ շուտով հեռուստադիտողը Ձեզ կտեսնի նոր հեռուստասերիալում: Մի փոքր կպատմե՞ք առաջարկը ստանալու եւ այս անգամվա Ձեր կերպարի մասին:
- Առաջարկը ստացա Շանթ հեռուստաընկերության կողմից եւ ծանոթանալով սցենարին ու անձնակազմին՝ սիրով համաձայնեցի: «Փոխնակ մայրը»՝ այպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում են բավականին տաղանդավոր դերասաններ՝ Տիգրան Ներսիսյանը, Ելենա Բորիսենկոն եւ այլք. Նրանց հետ խաղալն ինձ համար ուղղակի հաճույք է: Այստեղ ինձ երկու կերպար առաջարկեցին, որոնց բնավորությանը ծանոթանալուց հետո ես ընտրեցի ինձ համար առավել հոգեհարազատը: Մարմնավորում եմ ընկերասեր, իր ուզածին ամեն գնով հասնող ու մի փոքր էլ խորամանկ տղայի, ում հետ կապված զարգացումները հեռուստադիտողը կտեսնի սերիալը մեկնարկելուց հետո: Ի դեպ՝ սեպտեմբերի 2-ից «Փոխնակ մայրը» եթերում կլինի:
-Արմեն, խաղում եք նաեւ թատրոնում.
Ինչպե՞ս հայտնվեցիք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
- Մեկ տարուց ավելի է, ինչ խաղում եմ իմ սիրելի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս ընթացքում խաղացել եմ «Հին Աստվածներ», «Մուսա լեռան 40 օրը» եւ այլ ներկայացումներում, այժմ բեմադրվում է «Արծվաբույն» ներկայացումը, իսկ շուտով կկայանա «Եղեգնուհի» ներկայացման պրեմիերան:
-Ավելի հեշտ է թատրոնից գալ էկրաններ, թե՞ հակառակ ճանապարհը:
- Իհարկե, առավել հեշտ է, երբ թատրոնից ես գալիս էկրաններ: Իմ պարագայում այդպես չեղավ, բայց ուրախ եմ, որ հիմա երկու բնագավառում էլ գործում եմ:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում