ՀՀ վաստակավոր արտիստուհի Գոհար Իգիթյանը Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատում է 1987թ.-ից: Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում, իսկ վերջին տարիներին՝ նաև հեռուստասերիալներում: Գոհար Իգիթյանը, ունի հարուստ կենսափորձ և այսօր կայացած է թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես անձ: Asekose.am-ը զրուցել է դերասանուհու հետ` այս մասին և ոչ միայն:
-Ո՞րն է Ձեր երազած դերը, որը Դուք դեռ չեք խաղացել, և ո՞րն է, ըստ ձեզ, Ձեր ամենահաջողված դերակատարումը:
-Պետք է խոստովանեմ, որ իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել, ինչը, թերևս, կապված է դերասանի մասնագիտության հետ, քանի որ այս պարագայում դերասանից ոչինչ կախված չէ: Ժամանակի ընթացքում ես համակերպվեցի դրա հետ որպես դերասանուհի և խաղում էի այն, ինչ ինձ տրվում էր: Երազած շատ դերեր ունեմ, սակայն դրանցից կառանձնացնեմ հատկապես 2-ը, որոնք մտածել եմ, որ անպայման խաղալու եմ: Երիտասարդ տարիքում երազում էի խաղալ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», որն իմ խառնվածքին շատ համապատասխան էր, իսկ հասուն տարիքում արդեն մտածում էի Լեդի Մակբեթ խաղալու մասին: Իսկ իմ լավագույն դերերից, ըստ իս, «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ դայակի դերն է, որը շատ բարդ ու բազմապլան դեր է: Պետք է նշեմ, որ վերջին տարիներին հանդիսատեսը շատ էր տպավորվել «Ձուկն առանց ջրի կամ Suicide» ներկայացման մեջ իմ խաղացած կնոջ դերով, շատ են հավանում նաև «Փարիզյան դատավճիռ» ներկայացման մեջ տիկին Մանուշյանի դերակատարումը: Թեև վերջին նշածներս փոքր դերեր են, սակայն կարծում եմ, որ դրանք իրենց խորությամբ ներկայացնելու համար պետք է ունենալ հարուստ կենսափորձ:
- Ինչպիսի՞ն է Գոհար Իգիթյանը տանը և թատրոնում: Արդյո՞ք միմյանցից շատ են տարբերվում տանտիկինն ու դերասանուհին:
-Հստակ կարող եմ ասել, որ տարբերվում են: Ես նոր եմ սկսել լուրջ ու դրամատիկ, հավասարակշռված կանանց դերեր խաղալ, քանի որ մինչ այդ իմ խաղացած դերերը խենթ ու խելառ կանայք էին, սակայն դրանք կապ չունեն ինձ հետ: Առհասարակ, կարծում եմ, որ ցանկացած մարդու մեջ կան տեսակներ, որոնք ի հայտ են գալիս տարբեր իրավիճակներում: Թեև երիտասարդ տարիքում շատ ակտիվ էի, սակայն հիմա ընտանիքում ավելի հավասարակշռված եմ, քանի որ Արմեն Խանդիկյանը սիրում է խելացի, զուսպ, տրամաբանված արարքներով կնոջ: Եթե ես բեմում կերտած իմ կերպարների նման էմոցիոնալ ու խենթ լինեի, անտրամաբանական քայլեր անեի նաև իրական կյանքում, մեր ընտանիքում հաստատ տարաձայնություններ կլինեին:
-Արդյո՞ք թատրոնի գեղարվեստական ղեկավար ու բեմադրիչ Արմեն Խանդիկյանի կինը լինելու հանգամանքը Ձեզ կանգնեցրել է որոշակի դժվարությունների առաջ:
-Դժվարություններ ի հայտ եկան հենց սկզբից: Մոտ 7 տարի ես նոր դեր չեմ ստացել ամուսնությունից հետո, թեև թատրոնում հենց սկզբից խաղում էի գլխավոր դերեր: Սակայն ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց և՛ ինձ համար, և՛ նրա համար, քանի որ երկուսս էլ փորձում էինք խուսափել ասեկոսեներից, թեև շարունակվում են խոսակցությունները այն մասին, որ խաղացանկում շատ եմ ընդգրկված, որ գլխավոր դերերը ես եմ խաղում: Սակայն ես ամեն ինչին մոտենում եմ գիտակցաբար: Արմեն Խանդիկյանի կինը լինելով՝ ես չեմ հրաժարվում անգամ էպիզոդիկ դերերից, փորձում եմ ապացուցել բոլորին, որ փոքր դերերը կարող եմ «մեծացնել»: Ես իմ կշիռը իմացող դերասանուհի եմ, ում համար կարևոր է սիրելի աշխատանքով զբաղվելը, աշխատանքային ֆորմայի մեջ լինելը: Գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի կին լինելը շատ բարդ ու ամենօրյա աշխատանք է, որը ստիպել է ինձ դառնալ ավելի կազմակերպված:
-Յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են տարաձայնություններ: Ձեր ընտանիքում ո՞վ է զիջողի դերում:
-Մեր տարաձայնությունները շատ թեթև են: Դա գալիս է նրանից, որ երկուսս էլ ճիշտ ընտրություն ենք արել, երկուսս էլ մտածում ու քայլում ենք նույն ուղղությամբ: Թեև ես միշտ ունեմ իմ կարծիքը, սակայն համաձայնվում եմ նրա հետ, քանի որ նա ունի կյանքի հարուստ կենսափորձ, փորձառություն ունեցող բեմադրիչ ու հեռատես մարդ է: Հետո էլ համոզվում եմ, որ նա ճիշտ էր: Արմեն Խանդիկյանի ես վստահում ու հավատում եմ թե՛ որպես ամուսին, թե՛ որպես բեմադրիչ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում մեր երիտասարդ դերասաններին: Ի՞նչ է պակասում նրանց այսօր:
-Կարող եմ ասել, որ մեր երիտասարդներին ինքնավստահությունը հաստատ չի պակասում: Ես շատ եմ սիրում երիտասարդներին, նրանց հետ աշխատանքը ինձ նոր շունչ է տալիս: Սակայն կցանկանայի, որ նրանք չբավարարվեն այսօրվա իրենց ունեցածով, կարողանան հասկանալ դերասանի մասնագիտության բարդությունը, որ գնալով իերնց պատասխանատվությունը մեծանում է: Այն դերասանները, որոնք իրենց գործունեությունը սկում են սերիալներում, պետք է շատ իրենց վրա աշխատեն, փորձեն հասկանալ կերպարի ողջ խորությունն ու դրամատիզմը: Երիտասարդ դերասաններից շատերը որևէ թատրոնում չունեն «բագաժ», իսկ թատրոնում խաղալը անընդհատ սովորելու և աճելու հնարավորություն է տալիս, հետևաբար՝ նրանք պետք է զբաղվեն ինքնակրթությամբ, այլ ոչ թե տարվեն այն աստղային փառքով, որն անցողիկ է:
-Ցավալի չէ՞ գիտակցել, որ գալու է մի օր, երբ ստիպված եք լինելու թողնել բեմը՝ Ձեր տեղը զիջելով երիտասարդներին:
-Երիտասարդ տարիքում եղել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարողացել եմ հաղթահարել: Նույնիսկ կանգնել եմ ընտրության առջև, սակայն չեմ թողել և չեմ կարծում, որ կթողնեմ բեմը: Իսկ տեղս վաղուց եմ զիջել երիտասարդներին և համակերպվել եմ, որ նոր սերուդ է գալիս: Ինձ համար այդ պահը ցավալի չէ, քանի որ իմ ամպուլան շատ բազմաժանր է, ես միատեսակ դերեր չեմ խաղում, հետևաբար չեմ վախենում, որ տարիներ հետո արտաքին տեսքիս փոփոխությունը կանդրադառնա նաև իմ խաղացած դերերի վրա: Այդ անցումն ինձ համար շատ հեշտ է եղել, քանի որ խենթ ու խելառ կանացից հետո ես այժմ խաղում եմ լուրջ կանանց, մայրերի դերեր: Ինձ համար հետաքրքիրն էլ հենց դա է ՝ անել մի բան, որը չես արել: Իհարկե, զգում եմ, որ մեծացել եմ, դեմքիս կնճիռներ են առաջացել, սակայն հոգեպես ես երիտասարդ եմ ինձ զգում: Բեմում նույնպես տարիքս չեմ զգում, ունեմ հրաշալի հիշողություն, այնպիսի էներգետիկա, որ երիտասարդները, միգուցե, այդ առումով չկարողանան ինձ հետ մրցել:
-Մեր օրերում շատ հաճախ են հնչում քննադատական խոսքեր սերիալների, դրանցում նկարահանվող դերասանների հասցեին: Երբեմն նույնիսկ ասում են, որ սերիալում նկարահանվող դերասանը որակական փոփոխություններ է կրում: Ի՞նչ եք Դուք մտածում այս ամենի վերաբերյալ:
-Ինքս սերիալներին երբեք լավ չեմ վերաբերվել, սակայն կարծում եմ, որ ցանկացած դերասան իրեն պետք է փորձի տարբեր ժանրերում: Անցած դարում բոլոր դերասանները հասարակական ճանաչում ձեռք էին բերում հեռուտաթատրոնների և ֆիլմերի շնորհիվ: Սերիալներում ռիթմը շատ արագ է, որը ինձ շատ է դուր գալիս, սակայն ես կարողանում եմ դրան համընթաց շարժվել, քանի որ ունեմ աշխատանքային հարուստ փորձ: Չի կարելի մեղադրել դերասաններին սերիալներում նկարվելու համար, քանի որ դրա միջոցով նրանք գումար են վաստակում: Ես երբեք սերիալներում չեմ նկարվել գումարի և երբեք չեմ նկարահանվի այն սերիալներում, որտեղ դերասանների մեծ մասը ոչ պրոֆեսիոնալ է: Սերիալների վատ որակի, սցենարի համար դերասանը մեղք չունի. դա պրոդյուսերի, հեռուսաընկերության խնդիրն է: Սերիալները կդառնան շատ որակյալ, եթե անձնակազմն էլ լինի պրոֆեսիոնալ: Սերիալում չի կատարվում այն բարդ ու նուրբ աշխատանքը, որն իրականացվում է թատրոնում:
- Ներկայումս խաղում եք «Արմենիա» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Բախտաբեր» սերիալում: Ի՞նչ նմանություններ ունի Ձեղ հետ Ձեր մարմնավորած կերպարը:
-Ինձ համար էլ նորություն էր, որ ես նման կնոջ կերպար կարող էի կերտել: Սակայն տարիքի հետ եկած իմաստությունը ինձ օգնում է խաղալ իմաստուն, խելացի, հավասարակշռված , ոչ ակտիվ կանանց դերեր թե՛ թատրոնում, թե՛ սերիալում: Սակայն իրական կյանքում ես ավելի ակտիվ, էներգետիկ, էմոցիոնալ կին եմ:
-Դուք շատ հմայիչ և կանացի եք, լի երիտասարդական ավյունով: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միշտ այդպիսի տեսք ունենալ:
-Ես սիրում եմ կոկիկ տեսք ունենալ ոչ թե նրա համար, որ դերասանուհի եմ, այլ դա անում եմ նախևառաջ ինքս ինձ համար: Իսկ թատրոնում դրական լիցքեր եմ ստանում, ստեղծագործական պրոցեսը ստիպում է ինձ երիտասարդ զգալ, միշտ լավ տրամադրություն ունենալ: Եթե ամուսինս լիներ մեկը, ով կարգելեր ինձ իմ մասնագիտությամբ զբաղվել, ես հաստատ շատ շուտ կծերանայի: Միշտ փորձում եմ լավ տրամադրության ունենալ, ժպտալ, քանի որ ժպիտը գեղեցկացնում է մարդուն և դրական լիցքեր հաղորդում դիմացինին:
-Ո՞րն է Գոհար Իգիթյանի երջանկության բանաձևը:
-Գոհանում եմ այն ամեն ինչով, ինչ ունեմ այս պահին: Պետք է կարողանալ գնահատել ունեցածդ ու վայելել այն: Ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր անընդհատ դժգոհում են, որ այս կամ այն բանը չունեն, ես հակառակն եմ մտածում՝ ի՞նչ կլիներ, եթե սա էլ չունենայի: Դրանով կյանքս ավելի հեշտանում է: Ես այսօր էլ շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ՝ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, սիրում եմ ու սիրված եմ:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան