
Երգիչ Էրիկը եւս միացավ հայ աստղերին՝ «Ոչ ռասիզմին, կանգնեցրեք Ալիեւին» ենթատեքստով բաց նամակ հղելով ՄԱԿ-ին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Էրիկը նշեց, որ իր պարտքն է համարում պայքարել Արցախի խաղաղության համար եւ հայտնեց, որ ՀՀ շատ արվեստագետներ կմիանան այս կոչին:
«Սա մի նախաձեռնություն է, որին օր օրի ավելանում են իրենց մասնակցությունը հայտնել ցանկացող աստղերը: Էությունը կայանում է նրանում, որ այն հայտնի մարդիկ, ովքեր ունեն ֆեյսբուքյան պաշտոնական էջ եւ հետեւորդների մեծ քանակ, իրենց էջերի միջոցով բաց նամակ հղեն միջազգային կազմակերպություններին եւ կոչ անեն՝ հետամուտ լինելու Արցախի խաղաղությանը եւ Ալիեւի սադրիչ գործողություններին»,- նշեց երգիչն ու ավելացրեց.
«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մարդկանց կյանքում շատ մեծ դեր ունեն եւ երբեմն ոչ պակաս ազդեցիկ են նաեւ տեղեկատվական պատերազմները: Վերջին օրերին հաճախ կարող ենք լսել, թե գնացեք Արցախ, զենք վերցրեք ու կռվեք, բայց պետք է հասկանալ, որ այնքան էլ հեշտ չէ գնալ սահման ու կռիվ տալ: Իհարկե, Աստված ոչ անի, հարկ եղած դեպքում բոլորս էլ կգնանք եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, բայց այս պահին սահմանագծի կռիվը տեղափոխվել է նաեւ ինֆորմացիոն դաշտ: Ըստ իս՝ հայ հայտնի մարդիկ պետք է զբաղվեն տեղեկատվական պատերազմով եւ փորձել մեր պահանջը լսելի դարձնել աշխարհին. կարծում եմ՝ ինֆորմացիոն ճիշտ մարտավարությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ յուրաքանչյուր խնդրում»:
Ի դեպ՝ Էրիկը նույն կոչով դիմել է նաեւ հայտնի «Եվրոնյուզ» հեռուստաալիքին.
«Իմ էջից որոշեցի նամակ ուղարկել նաեւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքին, որպեսզի նրանք էլ ուշադրություն դարձնեն եւ անաչառ կերպով լուսաբանեն իմ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Իմ կոչի էությունը կայանում է նրանում, որ ես դեմ եմ պատերազմներին, որ իմ երկրում տեղի են ունենում իրադարձություններ միայն նրա համար, որովհետեւ դա Ալիեւի քմահաճույքն է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի բնակչությունը եւս չի ուզում այս պատերազմը, որ նրանց զինվորները ստիպված են գնալ պատերազմելու»,- նկատեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում