Blognews.am-ը գրում է.
Նոյեմբերյան մենահամերգից հետո երգիչ Էրիկն, ասես, վաստակած հանգստի էր գնացել: Եվ ահա օրերս նրա մասին կրկին խոսեցին. նախ «Իմ ամենալավ» տեսահոլովակի պրեմիերայի շնորհիվ, որտեղ նկարահանվել են հայկական շոու բիզնեսի մի շարք զույգեր, մեկ էլ «Եվրատեսիլի» առիթով. մրցույթի հայաստանյան ժուրիում երիտասարդ երգիչը գնահատում էր մասնակիցների ելույթները: Զրույցն Էրիկի հետ, բնականաբար, սկսեցինք այս օրերին առավել քան ակտուալ Եվրատեսիլի թեմայից:
- Այս մրցույթի հետ կապված մեզանում ավանդաբար ամեն ինչ և ամեն ոք քննարկվում ու քննադատվում է: Այս տարի բաժին հասավ նաև հայաստանյան ժուրիին (Էրիկից բացի դրա կազմում էր երգիչ Հայկոն, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, դիջեյ Դեյլը` Վարդան Բաբայանը, և թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը), որոնց կարողությունները կասկածի տակ դրվեցին. «Beautified project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը` պնդելով, թե նրանցից որևէ մեկն անգլերենին գրեթե չի տիրապետում, տարակուսել էր` ստացվում է` նրանք միայն երաժշտությունն են գնահատելու
- Նախ ասեմ, որ ես արդեն չորորդ տարին է, ինչ ժուրիի կազմում եմ, իսկ այս տարի մեր աշխատանքն այսքան քննարկվեց, քանի որ ըստ նոր կանոնների` ժուրիի գնահատականներն առանձին հայտարարվեցին: Մինչդեռ (ժպտում է) այնպես է ստացվում, որ այս օրերին ողջ ժողովուրդն է ժուրի դառնում... Ինչ վերաբերում է Անդրե Սիմոնյանի նկատառմանը, կարծում եմ` նա չի հասկացել, թե ինչ է գրում: Նախ նա այդքան մտերիմ չէ ինձ կամ ժուրիի մյուս անդամների հետ, որպեսզի իմանա անգլերենի մեր իմացությունը: Բացի այդ, դա ամենևին էլ պարտադիր չէ, քանի որ բոլոր մրցութային երգերին մենք վաղօրոք էինք ծանոթ` բոլոր մանրամասներով: Եվ ի վերջո «Եվրատեսիլում» շատ այլ լեզուներով երգեր են հնչում. ինչ է` մենք պիտի նաև սերբերեն կամ իտալերեն իմանանք, էլ չեմ ասում (կրկին ժպտում է) Ջամալայի հնչեցրած թաթարերենի մասին...
- Կարծում եմ` շատերին հետաքրքիր կլիներ ծանոթանալ ժուրիի աշխատանքային խոհանոցին. ինչպես և ինչ պայմաններում էր ընթանում այդ քվեարկությունը:
- Ինչ ասեմ` բոլորս նստած ենք մի մեծ սենյակում, թեև իրարից բավական հեռու: Այս տարի ներկա էր նաև Եվրատեսիլի հատուկ պատվիրակը, որը հսկում էր այդ գործընթացը, նաև կանխում էր մեր միջև որևէ քննարկում: Այնուամենայնիվ, բոլորիս գնահատականները հիմնականում համընկել էին:
- Այժմ կուզեինք քեզանից լսել մեր ժուրիի այս տարվա քվեարկության տրամաբանությունը:
- Այն շատ պարզ է: Բարձրագույն` 12 միավորը տվեցինք Ֆրանսիային, որի երգն իսկապես համապատասխանում էր այսօրվա թրենդին, ի դեպ, նման երգ էր ներկայացրել նաև Շվեդիան: Վրաստանին տված 10 միավորը պայմանավորված էր նրանով, որ մեր հարևաններն ինչպես միշտ յուրովի էին ներկայացել` անգլիական ռոքով, որը միշտ արդիական է: Ճիշտ է` Վրաստանից ես ավելի բարձր միավոր էի սպասում մեր մասնակից Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի վերաբերյալ, բայց ինչևէ... Ինչ վերաբերում է Ռուսաստանին շնորհած` նախորդ տարիների համեմատ ցածր` 2 միավորին, ապա դա ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չուներ` կապված ապրիլյան իրադարձություններից հետո հայերիս տրամադրվածության հետ: Ընդամենը գնահատվել է երգը, որը, ըստ իս ու շատերի, 1980-ականների ոճի էր` «Modern talking» խմբի երգացանկը հիշեցնող:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում