ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հանդես եկավ տարին ամփոփող ասուլիսով: Նա նշեց, որ աննախադեպ առաջընթաց են գրանցել հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքներն ավելի շատ մարդկանց հասանելի, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում։
Կրկնապատկվել ու բազմապատկվել է հանդիսատեսի, այցելուների թիվը.Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը միայն մեկ ամսում 15.000 այցելու է ունեցել: 2017 թվականին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվել է դեպի մարզեր: 426 «Մշակութային կանգառ», 200 կինոդիտում՝ Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում:
«Հասանք հեռավոր գյուղեր, քաղաքներ: Մարդիկ, ովքեր 10-յակ տարիներ չէին հաղորդակցվել արվեստի որևէ ուղղության հետ, մեծ հաճույքով ներկա էին լինում յուրաքանչյուր միջոցառման: Երբ սկսում էինք ծրագիրը՝ իմ գործընկերները փորձում էին համոզել, թե դասական երաժշտությունը հետաքրքիր չէ հեռավոր գյուղում, այնինչ հակառակն էր: Փետրվարի խստաշունչ ձմռանը մարդիկ վերարկուներով ոտքի կանգնած հետևում էին «Կոմիտասի անվան պետական լարային քառյակ»-ի համերգին: Սրան գումարվել էին նաև Չինաստանի դեսպանատան նվիրատվությամբ ձեռք բերված կինոթատրոնները, որոնց միջոցով 200 կինոցուցադրություն իրականացավ Հայաստանում:
Հաջորդ տարվա մեր ծրագրերից է նոր կինոթատրոնների ստեղծումը: Առաջին ծիծեռնակը եղավ «Հոկտեմբեր» կինոթատրոնը Գյումրիում: Այն երևանյան կինոթատրոններին զուգահեռ ցուցադրում է նույն ֆիլմերը: Առաջնային է նոր տիպի գրախանութների ստեղծումը:
Գարնանը ականատես կլինենք դրանցից մեկի բացմանը, որը կառուցվում է Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի առաջնամասում: Երևանի սրտում գրողների ու ընթերցողների սիրելի վայրն է դառնալու: Երեխաները կարող են իրենց ժամանակն անցկացնել, ժամանց կազմակերպել: Կարևորագույն ծրագրերից է ապրիլքսանչորսյան միացյալ համերգը: Առջևում մայիսյան հերոսմարտի տոներն են. Պատմության թանգարանը աննախադեպ ցուցադրություն է կազմակերպում: Նման բան չի եղել դեռ:
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»-ում ունենք քաղաքակրթական ցուցահանդես: ՀՀ-ն առաջին անգամ մեծ մասշտաբով կներկայացնի Հայաստանի քաղաքակրթությունը: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է ժամանակակից միջազգային արվեստի փառատոն, որին միայն Եվրոպայից մասանկցելու է 250 հոգի: Երևանն այդ օրերին դառնալու է ժամանակակից արվեստի բացօթյա թանգարան: Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի մշակութային ծրագրի շրջանակներում կվերաբեմադրվի «Կարինե» ներկայացումը՝ ֆրանսերենով:
Նախարարն անդրադարձավ նաև բացթողումներին, որոնք կապված էին հուշարձանների հետ:
«Սյո՛, ունեցանք բացթողում 7 հուշարձանների մասով: Մեղքը շինարարներինն էր. արձանագրել ենք մի շարք թերացումներ: Կար նաև ընթացակարգերի պատճառը, որովհետև հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվեց մինչև սեպտեմբեր և, բնականաբար, 1-2 մասում չէին կարող հսկայական աշխատանքը կատարել, ուստի պայմանավորվել ենք, որ մինչև հունիսի 1-ը վերջացնեն այս տարվա ծավալները, որ սկսենք 2018 թվականինը»,-նշեց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ շինարարական կազմակերպություններին պարտադրվել է առնվազն երեք առցանց տեսախցիկ տեղադրել, որպեսզի կարողանանք հետևել ամենօրյա աշխատանքներին: Խստացվել է նաև հեղինակային և տեխնիկական վերահսկողությունը:
Անի Կարապետյան


