▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխա ունեմ, ծառեր շատ եմ տնկել, բայց իմ ձեռքերով դեռ տուն չեմ կառուցել. Վահագն Խաչատրյան

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Վահագն Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է ծննդյան օրվա անակնկալների, ամենամեծ ցանկությունների ու նոր տարիքից իր սպասելիքների մասին:

«Օրս սկսվել է ջերմ շնորհավորանքներով: Ճիշտ կեսգիշերին ինձ շնորհավորեց ընկերս՝ Արտակ Կարապետյանը, այնուհետեւ կինս, քանի որ նա նկարահանման էր: Ուրախ եմ, որ բացի մտերիմներիցս ու ծանոթներիցս, այսօր շնորհավորանքներ եմ ստացել նաեւ անծանոթ մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ որպես դերասան ու գնահատում են իմ արվեստը»,- նշեց Վահագն ու նկատեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ծննդյան օրը կնշի մտերմիկ միջավայրում.

«Սիրում եմ, երբ ծննդյանս օրը իմ սիրելի մարդկանց կողքին եմ: Ամեն տարվա նման՝ այսօր էլ տարեդարձս կնշեմ ընտանիքիս՝ ծնողներիս, կնոջս, երեխայիս, եղբորս եւ տատիկիս հետ միասին»,- ավելացրեց օրվա հերոսը:

Անդրադառնալով դստեր շնորհավորանքին՝ Վահագնը մեծ ոգեւորությամբ պատմեց.

«Քանի որ ես աշխատանքի էի, նրան դեռ չեմ հասցրել տեսնել, բայց առավոտյան 09:00-ին Լուսինը զանգեց ու հեռախոսը փոխանցեց աղջկաս: Նա էլ իր քնաթաթախ ձայնով սկսեց երգելով շնորհավորել ինձ. հավատացեք, դա ամենաքաղցր ու տաք զգացողությունն էր: Ռուզիկի գոյությունն արդեն կյանքիս ամենամեծ նվերն է: Ի դեպ՝ արդեն մեկ շաբաթ է՝ աղջիկս անհամբեր սպասում է հայրիկի ծննդյան օրվան, ավելի ճիշտ սպասում է այսօրվա տորթին ու մոմերին, քանի որ այդ երեւույթը շատ է սիրում»:

Խոսելով երազանքներից՝ մեր զրուցակիցը նշեց.

«Իհարկե, երազանքներ շատ ունեմ, բայց դրանք մեծ չեն ու կարող են կատարվել: Երազանքներիս շարքում առաջնային տեղում է գտնվում այն, որ մեր երկրում արվեստի ոլորտը աճ ունենա: Ցավում եմ, որ արվեստն այսօր այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Տարիներ առաջ, երբ նկարահանվում էի նոր-նոր դուրս եկող սերիալներում, մտածում էինք, որ գնալով որակական աճ ենք ունենալու, բայց, փաստորեն, ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Այսօր քիչ մարդիկ կան, ովքեր զբաղվում են լուրջ գործով, ու այդ լուրջ գործն էլ, ցավոք, պահանջարկ չունի: Այս խնդիրը գալիս է նրանից, որ այդ լուրջ գործերի նկատմամբ չկա պետական վերաբերմունք: Ճիշտ է՝ նախարար փոխվեց ու գուցե ինչ-որ բան փոխվի: Ես շատ եմ սիրում թատրոնն ու արվեստն առհասարակ, իմ մասնագիտությունից երբեք չեմ հոգնում ու հաճույքով եմ աշխատում, մնում է, որ լինի համապատասխան վերաբերմունք: Հիմա իմ մեջ մեծ բացթողում եմ զգում իմ մասնագիտության առումով, Այսօր մեր ոլորտում պակասում են լուրջ ռեժիսորական, սցենարական ու դերասանական աշխատանքները»:

«Իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի ու երեխաներ ունենա»՝ հայտնի ասույթի երկու կանոնը Վահագն արդեն կատարել է, մնում է մեկը.

«Երեխա արդեն ունեմ, ծառեր շատ եմ տնկել, բայց իմ ձեռքերով տուն դեռ չեմ կառուցել, սակայն դա կիրականանա շատ մոտ ապագայում: Այս պահին իմ բոլոր ռեսուրսները աշխատում եմ ներդնել դրա մեջ»,- նշեց նա:

 
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее