Շուտով՝ օգոստոսին, Հայաստան կգան շտապօգնության 200 նոր ավտոմեքենաներ, պատրաստվում են երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել. այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեիկատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վերջինիս խոսքով` շտապօգնության ավտոմեքենաները Չինաստանի կառավարության նվերն է Հայաստանի առողջապահության ոլորտին:

Նախարարը նշեց նաև, որ այսօր մեծ խնդիր է նաև շտապօգնության` ոչ հրատապ կանչերի վրա ժամանակ ու ռեսուրսներ ծախսելու պրակտիկան:
«Շտապօգնության կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ: Այսինքն՝ դրանք, ըստ էության, տնային կանչեր են»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այդ խնդրի լուծման համար կառավարությունում մտադիր են երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել, որոնք կաշխատեն հենց այդ կանչերի սպասարկման ոլորտում:

Արսեն Թորոսյանի խոսքով էլ` մենք միշտ պետք է բալանսավորենք ծախսերը և, արդյունավետությունից ելնելով, չենք կարող ցանկացած մարզում ունենալ ցանկացած հնարավորությամբ հիվանդանոց:

«Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն, այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ, և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև` Պետք են ռադիկալ կադրային փոփոխություններ. Արսեն Թորոսյանը` պաշտոնները որպես սեփականություն ընկալելու մասին


