▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան

Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից։  Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Իսրայելի դրդապատճառները, Իսրայել–Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։

Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։

Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»,-գրել է  նա։

***

Կարդացեք նաև՝ քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը և նրանց հորաքրոջ տղաներն արդեն արտահայտվել են Իսրայելի կառավարության կողմից Քնեսեթին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու որոշման մասին։ Առաձնապես նոր բան չունեմ ասվածին ավելացնելու։ Հստակ է, որ սա Իսրայելի կողմից օգտագործվում է որպես գործիք Թուրքիայի հետ իրենց հակամարտության կոնտեքստում, բայց իհարկե պետք է նշել, որ Իսրայելը միակ երկիրը չի, որ հենց նման մոտիվով է դա արել։ Հստակ է նաև, որ յուրահատուկ ցինիզմ է Իսրայելի կողմից նման օրինագիծ քննարկելը, երբ նրանք Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն են եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ու մեծ դերակատարություն են ունեցել հայերի դեմ Ադրբեջանի հաղթական պատերազմի ու Արցախի հայաթափման մեջ։ Հստակ է, վերջապես, որ Իսրայելի կողմից նման օրինագծի քննարկումը շատերի մոտ դառը քմծիծաղից բացի ոչինչ չի հարուցում, քանի որ Իսրայելն ինքը հենց հիմա իրականացնում է մի բան պաղեստինցիների դեմ, ինչի համար պատրաստվում է դատապարտել Թուրքիային։
Բայց ես կարծում եմ, որ դա ի վերջո Իսրայելի գործն է։ Ինչ ուզում են անեն։ Թող Թուրքիայի հետ կռվեն, հետո իրար սիրեն, հետո ծովում խեղդվեն, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում։ Մեր գործը չի։ Ինձ մտահոգում է երկու բան։ Առաջին, կարող ենք հեշտությամբ կանխատեսել, որ Հայաստանում ու հայկական աշխարհում կգտնվեն մարդիկ, որոնք սրանից կարող են շատ արագ ոգևորվել ու փաստարկներ բերել Իսրայելի հետ թուրքերի դեմ կոալիցիա կազմելու օգտին։ Ես կարծում եմ մենք այդ փաստարկներին շատ մեծ հոռետեսությամբ պիտի վերաբերվենք։ Երկրորդ, չնայած կարծես թե առայժմ մարդկանց մեծ մասի արձագանքը միանգամայն ադեկվատ է, հաստատ գտնվելու են գավառական թերարժեքությամբ տառապող կերպարներ, որոնք հուզվելու են Իսրայելի պես հզոր երկրի կողմից իրենց հատկացված ուշադրությունից ու սկսելու են երախտագիտության դիֆիրամբներ ձոնել Նեթանյահուի մարդակեր կառավարությանը։ Նման բան անողները պիտի անհապաղ արժանանան անգութ ծաղրուծանակի ու օստրակիզմի»։

***

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուշացա՞ծ է` անշուշտ: Երեսպաշտությո՞ւն է` անշուշտ: Հետապնդո՞ւմ են սեփական շահը` անշուշտ: Welcome to real politics.
Հիմա հարց: Հայաստանը շնորհակալություն կհայտնի՞ Իսրայելին: Հայաստանը կօգտագործի՞ այդ փաստն ի շահ իրեն միջազգային հարթակներում: Հայաստանը կկարողանա՞ օգտագործի իսրայելական լոբբին աշխարհում Թուրքիայի դեմ:
Հա վայ, մոռացել էի... նիկոլն ա Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնում...»։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Իսրայելի կառավարության կողմից Կնեսեթում դրված Ցեղասպանության ճանաչման բանաձևին հավանություն տալը մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։
Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, Իսրայելի և Թուրքիայի համար այն քաղաքական հակամարտության շրջափուլ է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որում Իսրայելին մեղադրում է Թուրքիան։ Նաև սահմանափակել Իսլամական Աշխարհի վրա Թուրքիայի հավակնությունները։
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին և TRIPP կոչվածի հարցում շահագրգիռ երկրների նոր վերադասավորումներ է ենթադրում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее