1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ղ.-ի գործի դատական քննությունը:
23-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը կարճատև քայքայումով թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:
Դատարանը ապացուցված է համարել, որ 2016 թվականի մայիսի 30-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում անձնական հարցերով վիճել է սիրուհու՝ Մելինե Ս.-ի հետ (անունը փոխված է), ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ քերծվածքների, արյունազեղումների ու գանգուղեղային տրավմայի ձևով:
Նարեկ Ղ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ տուժողին երկու անգամ ապտակել է, բայց այդ երկու ապտակից նա չէր ստանա մարմնական այն վնասվածքները, որոնք արձանագրված են դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Նարեկ Ղ.-ն հայտնել է, որ դեպքի պահին ինքը գտնվել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում: Գիշերվա ժամը 1-ն անց 30-ին ակումբ է այցելել Մելինեն: Ինքը նրա ձեռքին վնասվածք է նկատել: Մելինեն իր հարցին սուտ պատասխան է տվել՝ ասելով, թե ընկել է: Հետո խոստովանել է, որ աշխատավայրում տնօրենի հետ վիճել ու զայրացած՝ ձեռքով խփել է պատին, ձեռքը վնասվել է: Նա խնդրել է, որ ինքը այդ միջադեպով իր աշխատավայրում չհետաքրքրվի:
Ինքն ուշադրություն է դարձրել, որ թեև տաք եղանակ էր, բայց Մելինեն «փակ էր հագնված»:
Երբ իրենք խոսում էին, Մելինեին մի անծանոթ տղայից հաղորդագրություն է եկել: Ինքը հասկացել է, որ Մելինեն իրեն դավաճանում է: Կարդացել է նրա հեռախոսում եղած հաղորդագրությունները ու իր համար պարզ է դարձել, որ Մելինեն տարբեր տղաների հետ է շփվում:
Այդ հանգամանքից զայրացած՝ ապտակել է Մելինեին:
Այնուհետև փաբի հաճախորդներին ասել է, որ փաբը փակվում է: Երբ հաճախորդները գնացել են, ինքը զրուցել է Մելինեի հետ, վերջինս արդարացել է, որ հաղորդագրությունները կատակով են գրված, բայց ինքը համոզվել է, որ նա իրենց շփման ընթացքում «բազմիցս դավաճանել է իրեն այլ տղաների հետ»: Մի անգամ էլ է ապտակել Մելինեին:
Որոշել է նրանից հեռանալ, ճանապարհել տաքսիով՝ այլևս նրան չհանդիպելու ակնկալիքով:
Հաջորդ օրը Մելինեն զանգել է իրեն, ասել է. «Դու քո հալը կտեսնես»: Հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Նարեկը, պատասխանելով տուժողի հարցերին, ասել է, թե դեպքի ժամանակ նա «փակ էր հագնվել», ինչից կարելի է եզրակացնել, որ փաբ էր եկել արդեն վնասվածքներով, բայց քանի որ փաբում լուսավորությունը լավ չէր, վնասվածքները չէին երևում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


