1in.am-ը գրում է. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արտուշ Շախկուլյանի գործի դատական քննությունը:
29-ամյա Արտուշ Շախկուլյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Շախկուլյանը կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 29-ից:
Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Արտուշն իր ընկերուհու՝ Լենայի (անունը փոխված է) հետ զբոսնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող այգում:
Այնտեղ Արտուշը պատահական հանդիպել է իր ծանոթ Համբարձումին, նրան հրավիրել է իր վարձակալած տուն՝ ժամանակ անցկացնելու:
Տանը Արտուշը, նրա ընկերուհի Լենան ու Համբարձումը միասին խմել են մոտ 1,5 լիտր օղի: Բայց հյուրընկալության ամբողջ ընթացքում Արտուշը զգացել է, որ Համբարձումը սիրահետում է Լենային:
Որոշ ժամանակ անց Լենան հայտարարել է, թե լավ չի զգում, ու գնացել է ննջասենյակ՝ քնելու:
Արտուշն էլ ասել է, թե օղին վերջացել է, գնում է խանութ՝ օղի գնելու: Սակայն կասկածները նրան հանգիստ չէին տալիս: Նա տնից դուրս է եկել, բայց խանութ չի գնացել, այլ մի քանի րոպե անց անսպասելի վերադարձել է տուն:
Տեսել է, որ Համբարձումը հյուրասենյակում չէ: Գնացել է ննջասենյակ ու տեսել է, որ Համբարձումը պառկել է Լենայի կողքին ու արձակում է վերնաշապիկի կոճակները:
Արտուշ Շախկուլյանը զայրացել ու Համբարձումին քաշելով դուրս է բերել բակ, հարցրել է, թե ի՞նչ էր անում իր ընկերուհու կողքին պառկած, ապտակել ու հայհոյել է, ինչին ի պատասխան Համբարձումը նույնպես հայհոյել է: Դրանից Արտուշն ավելի է ջղայնացել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Համբարձումին, գցել է գետնին, այնքան է խփել, որ առաջացրել է թոքի սալջարդ, դեմքի շրջանի վնասվածքներ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Այդ ամենից հետո Արտուշը պահանջել է, որ Համբարձումը հեռանա ու այլևս չերևա իրենց կողմերում:
Համբարձումը մի քանի քայլ հեռացել և ուժասպառ ընկել է: Մարդիկ շտապօգնություն են կանչել, Համբարձումը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


