
1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Արման Կարապետյանի գործի դատական քննությունը:
Դատավոր Աննա Մաթևոսյանը երրորդ դատավորն է, որ քննում է այս գործը: Գործը ի սկզբանե՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին, մակագրվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավոր Արմեն Խաչատրյանին, ապա մակագրվեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, հետո՝ Աննա Մաթևոսյանին:
Ամբաստանյալը նույնն է՝ 28-ամյա Արման Կարապետյանը, ում մեղադրանք է առաջադրվել իր հարազատ տատիկի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում Արմանը գնացել է իր տատիկի՝ Սիրանուշի տուն:
«Տատին կյանքից զրկելու դիտավորությամբ Արման Կարապետյանը առաջին հարկի ննջասենյակում հարձակվել է մահճակալին պառկած տատի վրա, ջրով լի ապակե շշով հարվածել է տատիկի գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է խռխռալ: Տեսնելով, որ տատը չի մահացել, ջրով լի ապակե մեկ այլ տարայով Արման Կարապետյանը մեկ անգամ ևս հարվածել է տատիկի գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով գլխի սալջարդ վերք, գլխի մաշկի տակ՝ արյունահավաք: Տատիկը կորցրել է գիտակցությունն ու անշարժացել է: Կարծելով, թե տատիկը մահացել է, Արման Կարապետյանը հափշտակել է տուժողի 14 հազար դրամ արժողությամբ ոսկե ականջօղերը, 50 հազար դրամ գումարը, ինչպես նաև 20 եվրոն ու հեռացել է»:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կարապետյանն իր հանցավոր մտադրությունը՝ տատիկի սպանությունը, ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով՝ տատիկը վերջին շնչում էլ «լավություն է արել թոռնիկին» ու մահացել է սրտային սուր անբավարարությունից: Եվ Արման Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե ավազակությամբ զուգորդված սպանության, այլ՝ սպանության փորձի համար:
ԱրմանԿարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել, առաջադրված մեղադրանքը նա անվանել է «սուտ»:
Արմանը հայտնել է «ալիբի» ունենալու մասին, ասել է, թե սպանության փորձի ժամանակ գտնվել է ոչ թե տատիկի տանը՝ Կամարակի նրբանցքում, այլ՝ «Նաբերեժնիում»: Արման Կարապետյանը տաքսի է վարել:
Տատիկի տանը հայտնաբերվել է երկտող՝ Արմանի հասցեին հայհոյանքներով ու սպառնալիքներով լեցուն, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ երկտողը գրվել է… հենց Արմանի ձեռքով…
Արմանն ամուսնացած է եղել, ունի երեք տարեկան մեկ երեխա:
Արմանի մոր խոսքով՝ դեպքից հետո Արմանի կինը հեռացել է նրանից, ամուսնալուծվել է կալանքի տակ գտնվող ամուսնուց, երեխային տարել է հետը: Տուժած տատիկը, ըստ Արմանի մայրիկի, շատ է սիրել իր թոռանը՝ Արմանին, աջակցել է նրա երիտասարդ ընտանիքին, նույնիսկ որոշ ժամանակ նրանց պահել է իր տանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


