▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շենքը քանդել ու հանք են դարձրել.նման բան աշխարհում չենք տեսել

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է: Այն նշվում է 1972 թվականից:

Այս տարի ընտրվել է «Ես բնության հետ եմ» խորագիրը, որի նպատակը մարդու ու բնության միջև կապ հաստատելն է:

Հայաստանում մեծ է հանքարդյունաբերության, աղբահանության, մաքուր ջրի խնդիրը: Սրանք բոլորը բազում հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ:

Բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շատ է կրճատվել այն նյութերի քանակը, որոնք ուսումնասիրվում են:

«Դա շատ վատ է, քանի որ կոնկրետ պատկերը չես կարողանում ստանալ: Այն, ինչ ուսումնասիրվում է Երևանում, արդյունքում՝ բացի փոշուց ամեն ինչ նորմալ է ստացվում: Սակայն չեն ուսումնասիրում գետնամերձ օզոնը, որը ֆոտոքիմիական թունանմուշի ցուցանիշ է և մեզ մոտ միշտ բարձր է եղել: Փոշին էլ ուղղակի որպես փոշի են ուսումնասիրում, իսկ թե վրան ի՞նչ կա, չի ասվում: Որոշ ուսումնասիրություններով՝ փոշու վրա ծանր մետաղներ կան: Ցավոք, պաշտոնական տվյլաներ չկան ու ստացվում է, որ վիճակը բարվոք է»,-ասաց Կարինե Դանիելյանը՝ շեշտելով, որ միայն Երևանի շուրջը 29 հանքավայր կա, որից մեկը՝ Կենտրոնում, Երիտասարդական պալատի տեղում.

«Նման քաղաք ես աշխարհում չեմ տեսել: Շենքը քանդել ու հանք են դարձրել: Ակնհայտ է, որ սրա արդյունքում փոշին թունավոր նյութեր կպարունակի»,-ընդգծեց բնապահպանը:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Ալավերդու պարագայում խնդիր է ծծումբը.

«Ալավերդու վիճակը շատ մտահոգիչ է»:

Լուրջ էկոլոգիական խնդիր ունի նաև Քաջարանը: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ՝  Քաջարանի հանքավայրն օրինակ՝ վերևում է գտնվում ու առավոտյան քամիները փոշին հասցնում են Քաջարան: Նույնիսկ այնտեղ անալիզներ չեն արվում: Արթիկում էլ բաց հանքեր են, որոնք նույնպես ազդեցություն ունենում են:

Ինչ վերաբերում է մոնիտորինգի համակարգին, ապա Կարինե Դանիելյանը նկատեց,

«Ավտոմատ համակարգ է, որը նախ տեղադրված է ավելի հանգիստ վայրերում: Առաջ նմուշները վերցնում էին առավոտյան, ցերեկը և ուշ երեկոյան: Իսկ հիմա ավտոմատ ամբողջ օրվա նմուշն է հավաքվում ու այս համակարգով մեր օդը մաքուր է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее