1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:
Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:
2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:
Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Մոսկվայում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի հետ: Բայց շուտով Ազատը սկսել է ճնշել նրան, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…
Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:
Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:
Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:
Դատախազը միջնորդել էր Վաղինակ Դ.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 18 տարի ազատազրկման:
Առաջադրված մեղադրանքը՝ ներկա ծավալով, մեղադրող Կ. Սավթալյանը դատաքննության ընթացքում էր առաջադրել ամբաստանյալին:
Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նույն մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ապա մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ հայտնել էին մի քանի վկաներ…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


