Հունիսի 10-ին «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում ժամը 17:00-21:00-ին Թումանյանի այգում արդեն 9-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը: 13 տոները կներկայացվեն 19 տաղավարում: Այս տարի կներկայացվի նաև Երևանին նվիրված մեկ կերակրատեսակ՝ աղցան: Մրցանակներ են սահմանված գեղեցիկ, հյուրընկալ և ամենահամեղ տաղավարների համար:
«Տոնածիսական ուտեստները մեր ազգային խոհանոցի հիմքն են, շատ ենք կարևորում այս փառատոնը: 6 անգամ մեր ուժերով էինք իրականացրել, պետք է խոստովանեմ, որ շատ ծանր էր: Դիմեցինք Երևանի քաղաքապետարանին և ստացանք նրանց աջակցությունը»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են արդյոք մյուս՝ խորովածի, տոլմայի և այլ փառատոնների շրջանակներում նույնպես համագործակցել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության հետ:
«Ամեն փառատոն իր տեղն ունի: Ունենք կոնկրետ Երևանում անցկացվող փառատոնների ցանկը, և մենք չենք կարող բոլորը կենտրոնացնել այստեղ: Զբոսաշրջության պետական կոմիտեն է ավելի շատ զբաղվում մարզերում իրականացվող փառատոններով:
Անի Կարապետյան


