Life.apnorama.am-ը գրում է. Մեր մայրաքաղաքը 2797 տարեկան է: Այսօր ողջ քաղաքը տոնում է Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, սա տոն է, որը հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար խորհրդանշական և շատ կարևոր է: Life.panorama.am-ը շնորհավորելով բոլորին՝ առաջարկել է հայտնի հայերին կիսվել իրենց շնորհավորական խոսքով:

Դերասանուհի Անի Քոչարյանը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից՝ իր շնորհավորական խոսքում նկատեց, որ Երևանից առավել տաք ու գեղեցիկ քաղաք իր համար գոյություն չունի. «Ինձ համար մեր քաղաքը ամենագեղեցիկն է, ամենալավն է, ամենաջերմ ու տաքն է, դրանում կրկին համոզվեցի, երբ վերջերս վերադարձա Միացյալ նահանգներից. որքան մարդ լինում է օտարության մեջ, այնքան հասկանում է, թե ինչ ունի՝ հանձինս մեր քաղաքի: Ես շատ եմ սիրում Երևանը և շատ եմ ուզում, որ մեր քաղաքում մարդիկ լավ ապրեն, ապրեն այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է մեր քաղաքը, ուզում եմ, որ բոլորը ժպտան, իհարկե, մեզ մոտ կարծես բոլորն էլ ժպտում են, բայց, այնուամենայնիվ, մարդկանց աչքերում կա տխրություն, իսկ ես ուզում եմ, որ այդ տխրությունը վերանա և այն ժպիտը, որ կա մարդկանց դեմքերին, լինի լիաթոք, ի սրտե և ոչ ուղղակի»,- նշեց դերասանուհին:

Դուդուկահար Կամո Սեյրանյանն էլ բարձր տրամադրությամբ նշեց. «Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին, շատ եմ ուզում, որ երևանցիները և առհասարակ մեր հայրենակիցները իսկապես իրենց երջանիկ զգան, աշխարհի ամենալավն ու բարին մեր հայերին, ես ի սրտե ուզում եմ, որ մենք ապրենք խաղաղ ու անհոգ»: Ի դեպ, Կամո Սեյրանյանը նշեց, որ վաղը Էրեբունի թանգարանի առջև իր սիրելի հայրենակիցների համար ելույթ կունենա:

Երգչուհի Նառան էլ իր շնորհավորական խոսքում այսպես արտահայտվեց. «Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ուզում եմ ցանկանալ բոլորին առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ և փորձենք հասնել այդ նպատակներին, և ինչ էլ, որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք ոչնչից»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում