Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է տարիներ առաջ մեծ ճանաչում ունեցող երգչուհի, հաղորդավարուհի Անժելա Բարխուդարյանը: Երգչուհին տեղեկացրել է, որ ժամանակին խիստ դժվարությամբ, բայց և ռիսկի դիմելով ու մեկնելով Հայաստանից, նույնքան արագ և ռիսկային մոտեցմամբ արդեն 3 տարի առաջ վերադարձել է հայրենիք հստակ նպատակով.
«Տարիներ առաջ, երբ այստեղ արդեն ունեի բավականին լայն ճանաչում, ինձ ճանաչում էին մարդիկ, սիրում էին, բայց ես ու ամուսինս առաջարկ ստացանք եւ մեր իսկ ընտանիքի համար մեկնեցինք Կրասնոդար, որտեղ էլ ես աշխատում էի Կրասնոդարի Պանամարենկոյի անվան ֆիլհարմոնիայում: Թեպետ պետք է նկատեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ այնտեղ պետք է մնայինք ընդամենը մեկ տարի, բայց գործերն այնպես դասավորվեցին, որ մենք մնացինք շուրջ վեց տարի: Ընդ որում նշեմ նաեւ, որ ամեն բան այնտեղ շատ լավ էր դասավորված, մենք ունեինք մեր աշխատանքը, բայց ամուսինս որոշեց, որ մեր երեխաները պետք է մեծանան մեր երկրում, դա էլ պատճառ հանդիսացավ, որ վերադառնանք»,-պատմել է երգչուհին:
Ի դեպ, Անժելան նշել է նաև, որ հայրենիք վերադարձի գործում մեծ է եղել մեծ դստեր գործոնը. «Մեծ աղջիկս՝ Գայանեն, այնտեղ հաճախում էր ռուսական քոլեջ եւ բացարձակապես հայերեն չէր խոսում, ինչը մեզ համար խիստ հուզիչ էր, այդ գործոնը մեծ ազդեցություն ունեցավ մեր վերդարձի հարցում, թեպետ մենք ոչ մեկին չենք մեղադրում, երբ որոշում են ապրել հայրենիքից հեռու, ամեն մեկն իր պատճառներն ունի»,-նշել է նա:
Անժելան պատմել է նաև իր ընտանիքի մասին.
«Երկու դուստր ունեմ, մեծ աղջիկս արդեն 9 տարեկան է, շատ է սիրում անգլերենը և հավանաբար այդ ուղղությամբ էլ հենց մասնագիտություն ձեռք կբերի ապագայում, իսկ ահա փոքրիկս՝ Աննան, ընդամենը չորս տարեկան է, արդեն զգացվում է նրա սերը պարարվեստի նկատմամաբ, դա գուցե հայրիկի գեներն են նրա մեջ խոսում, մի խոսքով այնպես է ստացվել, որ փոքրիկներիցս և ոչ մեկը մայրիկի ուղին չեն բռնել, համենայն դեպս դեռ այդպես է թվում,-նշել է նա և հավելել,- բալիկներս ինչ ուղի էլ, որ ընտրեն, միեւնույն է, արվեստի շունչը հաստատ կզգան, քանի որ մայրիկը երգչուհի է, հայրիկը՝ պարարվեստի ներկայացուցիչ»,- նշել է նա: Կրասնոդարում եղած տարիներին երգչուհին, իր խոսքերով, փորձել է ռուս հանդիսատեսի համար անընդհատ հնչեցնել հայկական կատարումներ.
«Այնտեղ ես էստրադային-ջազային օրկեստրի մեներգչուհի էի, բայց պետք է նշեմ, որ փորձում էի ռուս հանդիսատեսի համար երգել հայերեն կատարումներ Ալեքսանդր Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի երգացանկից, եւ ռուս հանդիսատեսն էլ շատ սիրով էր դրանք լսում եւ ընդունում»,-պատմել է Անժելա Բարխուդարյանը:
Այսօր ևս երգչուհին չի հեռացել երգից.
«Ճիշտ է իմ հիմնական աշխատանքը տան կին և մայր լինելն է, այսինքն ես թույլ չեմ տալիս, որ իմ աշխատանքի պատճառով ընտանիքս տուժի, բայց նաեւ կարողանում եմ ինձ թույլ տալ աշխատել. երգում եմ «Շանսոն» ակումբում, նաև չեմ մերժում առանձին կորպորոտիվ միջոցառումների համար արված հրավերները: Ինչպես և նոր երգեր եմ փորձում ձայնագրել, որոնցից վերջինը Ալեքսանդր Աճեմյանի «Երանի թե» երգն էր, որը ես ներկայացրի իմ ձեռագրով, իմ շնչով,- նշել է նա:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում