Life.panorama.am-ը գրում է. «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի սկզբին. Սիթքոմի առաջիկա ծրագրերի ու նախապատրաստական աշխատանքների մասին պատմել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
«Մինչ ամռան վերջ ֆուլհաուսցիները հանգստանում էին, հավաքում ուժերը, իսկ ստեղծագործական թիմը նրբանկատորեն աշխատում էր սցենարի վրա, որպեսզի ամեն բան պատրաստ լիներ սեպտեմբերի 2-ին նկարահանումները սկսելու համար»,- նշեց Մենչն ու ավելացրեց.
««Ֆուլ հաուս 5»-ում երեք նոր դերասաններ կունենանք, որոնց անունները դեռ չեմ հայտարարի, միայն կարող եմ ասել, որ նրանք հայտնի դերասաններ չեն, նրանց հեռուստադիտողը դեռ չի ճանաչում, փոխարենը՝ շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ են»:
Հարցին՝ որքանո՞վ են ճշմարտությանը համապատասխանում ասեկոսեները, թե նոր եթերաշրջանում հերոսները ամուսնացած ու նոր կարգավիճակներում են լինելու, պրոդյուսերը մեկնաբանեց.
«Մենք արդեն ունենք մի քանի սերիայի սցենար ու դեռեւս նման մտքեր դրանցում չկան, բայց ամեն ինչ ընթացքում հնարավոր է: Դեռ չգիտենք՝ որքան կտեւի «Ֆուլ հաուս.-ը, իսկ նման զարգացում կլինի հավանաբար, երբ սիթքոմը մոտենա իր հանգուցալուծմանը»:
Արմեն Պետրոսյանը ընդգծեց՝ սիթքոմը եթերում կլինի այնքան, որքան հեռուստադիտողը կպահանջի, իսկ հեռուստադիտողի պահանջը կախված է միայն որակից.
«Մեր ստեղծագործական թիմը ամեն ինչ անում է, որպեսզի 5-րդ եթերաշրջանը գերազանցի նախորդին, դա մեր աշխատելաոճն է: Մենք ամեն անգամ նոր հերոսների ենք ներգրավում սիթքոմ, որպեսզի հեռուստադիտողը չձանձրանա: Այնպես որ, եթե 5-րդ եթերաշրջանի վերջում հեռուստադիտողը ունենա միեւնույն հետաքրքրությունն ու ոգեւորությունը, ապա վերջնակետի մասին անիմաստ կլինի մտածել: Ի դեպ՝ մենք արդեն իսկ գիտենք, թե ինչպես է ընթանալու նոր եթերաշրջանը ու վստահ ենք, որ այն եթե ավելին չլինի, ապա գոնե չի զիջի նախորդ եթերաշրջաններին»,- նշեց նա:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում