Blognews.am-ը գրում է. Արթուր Աբրահամն այս օրերին կրկին Երևանում է։ Մեզ զրույցում Արթուրն ասաց, որ 1 շաբաթով է եկել Երևան՝ հանգստի նպատակով։ Մոտ երկու տարի է՝ Արթուրը պարբերաբար խոսում է իր հարսանիքի մասին, սակայն այն այդպես էլ չի կայանում։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ իր հարսանիքին այլևս չի ուշանա։
«Հարսանիքս անընդհատ ուշանում էր իմ՝ ժամանակ չունենալու պատճառով, քանի որ ես կյանքս նվիրել եմ սպորտին։ Այլ պատճառ չկա։ Կարևորն այն է, որ ամուսնանալու ցանկությունս մեծ է»,- ասաց Արթուրը։
Բռնցքամարտիկից պարզեցինք, որ հնարավոր է՝ հենց այս տարի էլ ամուսնանա, սակայն միջոցառումը նախընտրում է փակ անցկացնել. «Կարծում եմ՝ դա անձնական միջոցառում է և պետք է անձնական մնա»։
Ամուսնությունից հետո Արթուրն ու կինը կմեկնեն Գերմանիա։ «Ես այնտեղ եմ բնակվում, ամեն բան էնտեղ եմ ստեղծել, և, բնականաբար, կինս էլ կտեղափոխվի Գերմանիա։ Հայաստան ես գալիս եմ հանգստանալու նպատակով,- ասաց նա ու նշեց, որ Հայաստանում սիրում է հանգստանալ ընտանիքի և ընկերների հետ՝ ընտանեկան միջավայրում։ -Ես չեմ սիրում ռեստորաններ, ժամանցի վայրեր, քանի որ տարվա մեջ 8 ամիսը լինում եմ հավաքների և ապրում եմ հյուրանոցներում։ Սիրում եմ տնական պայմաններում տնավարի հանգստանալ»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում