▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ իրականանում են երազանքները. Ամանորին ընդառաջ բարի ու հեքիաթային ծրագիր

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետը իրականություն դարձրեց տասնյակ փոքրիկների երազանքը՝ հեքիաթային օր պարգևելով Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին: 

Արդեն չորրորդ տարին անընմեջ անցկացվող «Երբ իրականանում են երազանքները» խորագրով նախաձեռնության շնորհիվ երեխաների Ձմեռ պապին գրված նամակները, որոնք հասնում են Երևանի քաղաքապետարան, հասցեագրվում են քաղաքապետին: Իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկ, ավտոմեքենաներ, շախմատ, կոնֆետ, երեխաներն ստացել են Ձմեռ պապի իրենց տուն անակնկալ այցի ժամանակ: 

Ընդհանուր առմամբ, ծրագիրը տևեց չորս օր: Ի դեպ, չնայած շատերի համար շաբաթ և կիրակին հանգստյան օրեր էին, բայց ոչ Ձմեռ պապի: Ծրագրի երրորդ և չորրորդ օրերին էլ նամակների հետքերով Երևանի Ձմեռ պապն այցելել էր Աջափնյակ, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ:
Ի դեպ, նշենք, որ ծրագրի իրականացումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական մոտեցումն է:

«Չորս տարի առաջ, երբ սկսեցինք այս հետաքրքիր նախաձեռնությունը, Ձմեռ պապին ուղղված ընդամենը 10 նամակ էինք ստացել: Այս տարի այդ թիվն աննախադեպ մեծ էր` շուրջ 300 նամակ: Նամակներ էին ստացվել գրեթե բոլոր վարչական շրջաններից, ուստի, հաշվի առնելով մի քանի կարևոր բաղադրիչ, նախապատվությունը տրվեց այն նամակներին, որոնք ուղարկված էին սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից:

Կարևոր սկզբունք էր նաև, որ նամակները գրված և ձևավորված լինեին հենց երեխաների ձեռքով, ովքեր անկեղծ հավատով էին լցված Ձմեռ պապի գոյությանը: Բացի այդ, ստուգվեցին բոլոր հասցեները, որպեսզի բացառվեն նախորդ տարիներին ծրագրում արդեն իսկ ներառված հասցեները: Առհասարակ, այս նախաձեռնությունը յուրահատուկ է իր տեսակով և թակում է երազանքներին հավատացող ու ամանորյա հրաշքին այնքան սպասող դռներ: Անսպասելի, բայց և սպասված այցը ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր տուն, ինչն էլ հենց մեր գլխավոր նպատակն էր»,- նշել է նախաձեռնության համակարգող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее