Aysor.am-ը զրուցել է երգչուհի Արևիկ Ալավերդյանի հետ, ով անկեղծացել է ամանորյա հրաշքների, սպասումների ու երազանքների մասին:
Արևիկ, եթե չեմ սխալվում, արդեն երեք ու կես տարի է՝ բնակվում եք Ֆրանսիայում: Ինչպե՞ս է կյանքն այդտեղ, հարմարվե՞լ եք:
Այո, արդեն բավական երկար ժամանակ է՝ ինչ այստեղ եմ, բայց պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում այդ փոփոխությունը շատ ծանր էր թե՛ իմ, թե՛ ամուսնուս համար (ժպտում է): Կարծես մեծ փորձություն լիներ, չէի կարողանում հարմարվել օտարությանը, կյանքի՝ այդքան մեծ փոփոխությանը: Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի հարմարվել ու հիմա արդեն ինձ շատ լավ եմ զգում Փարիզում, իհարկե՝ կարոտելով Երևանը:
«Սիրո քաղաք» Փարիզը համապատասխանո՞ւմ է այդ որակին:
Իսկապես, ռոմանտիկ քաղաք է, գեղեցկության արտացոլում: Երբ վատ տրամադրություն ունես, կարող ես ուղղակի դուրս գալ զբոսնելու և ամեն ինչ կանցնի: Հրաշք քաղաք է, ես սիրահարվել եմ Փարիզին:
Շուտով Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
Այս տարի Ամանորն ինձ համար առանձնահատուկ է լինելու, որովհետև ինձ են հյուրընկալվել ծնողներս (ժպտում է): Միասին ենք դիմավորելու Նոր տարին:
Այդտե՞ղ էլ այստեղի պես մոտ 10 օր մարդիկ միմյանց այցելում են, շնորհավորում:
Մարդիկ հյուր գնում են՝ շնորհավորելու, բայց միայն երկու օր, քանի որ այստեղ շատ շուտ են սկսվում աշխատանքային օրերը:
Կա՞ն ավանդույթներ, որոնք պահպանում եք նաև Ֆրանսիայում:
Հավատացեք, որ գրեթե բոլոր ավանդույթներն էլ պահպանում ենք: Թերևս, ինձ համար այստեղ միակ անսովոր ավանդույթն Ամանորից առաջ Սուրբ Ծնունդը նշելն էր: Բայց արդեն սովորել եմ այդ տոնին: Իհարկե, նշում ենք նաև մեր հայկական Սուրբ Ծնունդը:
Ձեր ամանորյա խոհանոցն ավանդակա՞ն է, թե՞ փորձում եք այն գեղեցկացնել նորամուծություններով:
Շատ հետաքրքիր է լինում մեր ամանորյա խոհանոցը. արդեն ավանդույթ դարձած մեր հայկական ուտեստներն ենք պատրաստում՝ փորձելով համատեղել հայկական ու ֆրանսիականը: Կարծում եմ, հետաքրքիր բան է ստացվում:
Նոր տարվան օրեր են մնացել: Ձեր ամուսնու հետ անակնկալներ պատրաստո՞ւմ եք միմյանց համար:
Սա մեր ամենասիրելի տոներից մեկն է ու բնականաբար, միմյանց համար սիրով նվերներ ենք պատրաստում: Մշտապես իրար նվիրում ենք այն, ինչը, հաստատ գիտենք՝ ցանկալի է: Բայց այժմ չեմ բարձրաձայնի իմ կողմից պատրաստվող անակնկալի մասին:
Շա՞տ հարազատներ ունեք Ֆրանսիայում:
Ամուսինս շատ բարեկամներ ունի, նաև՝ շատ ընկերներ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Մշտապես միասին հավաքվում, լավ ժամանակ ենք անցկացնում:
Արևիկ, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
Դասերի եմ հաճախում, բայց ներկա պահին ամանորյա արձակուրդներ են ու վայելում եմ ծնողներիս ներկայությունը (ժպտում է):
Ցանկություն ունեիք Հայաստանում Ձեր բրենդային խանութը ստեղծել: Այդ մտահղացումը դեռ կա՞:
Այո, մշտապես ցանկացել եմ Երևանում «Showroom» ունենալ, բայց, ցավոք, չստացվեց իրականացնել երազանքս, քանի որ տեղափոխվեցի Փարիզ: Բայց, ո՞վ գիտի… Աստված առաջ, երազանքներիցս չեմ սիրում հրաժարվել (ժպտում է):
Նորաձևության համար Փարիզն ամենահարմար վայրն է: Ինչո՞ւ ոչ Փարիզում:
Նման արդյունքի հասնելու համար այստեղ պետք է շատ երկար ու պրոֆեսիոնալ ճանապարհ անցնել: Տարիների փորձ է անհրաժեշտ: Չգիտեմ, դրան ինչքանով եմ պատրաստ: Բայց այստեղի հետ կապված ևս շատ գործնական նպատակներ ունենք ամուսնուս հետ: Իսկ Երևանում չեմ կարող սկսել մի գործ, որին տեր չեմ կանգնելու: Կամ ամբողջովին պետք է ինձ նվիրեմ աշխատանքին, կամ՝ չանեմ ընդհանրապես: Թերի լինելն իմ բնավորության մեջ չկա:
Եթե չեմ սխալվում, Ձեր ամուսինն այդտեղ ռեստորանային բիզնես ունի: Դա բավարա՞ր է ընտանիքի հոգսերը հոգալու համար:
Ամուսինս շատ է աշխատում մեր բարեկեցության համար, ես էլ իմ հերթին փորձում եմ մշտապես աջակցել նրան: Իհարկե, հետագայում, երբ լիարժեք կյուրացնեմ լեզուն՝ կմտածեմ նաև աշխատելու մասին:
Փաստորեն, նրան չե՞ք օգնո՞ւմ ռեստորանային հարցերում:
Իհարկե, օգնում եմ: Սիրում եմ աշխատել նրա հետ: Դրանից և՛ չեմ ձանձրանում, և՛ միշտ միասին ենք լինում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում