3,2 տոկոս տնտեսական աճը մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Այսօր կառավարության նիստին հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ու հավելեց, որ հավակնում են շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշների ապահովման. «Դրա համար շատ կարեւոր է, որ մենք հավելյալ միջոցներ ուղղենք կապիտալ ծախսերին: Մենք մի քանի ռաունդով փոխվարչապետի մոտ ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվությունը տանք այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են: Շուրջ 98 միլիոնի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք այս տարի իրականացնելու ենք»:
Վարդան Արամյանն անդրադարձավ նաեւ հարկահավաքման ցուցանիշին. «Առաջին եռամսյակում մենք 1 տրիլիոն 135 միլիարդի ծրագիր գերակատարել ենք: Ծրագիրը գերակատարել ենք 11,5 միլիարդ դրամով: Մենք կարծում ենք, որ նույն տեմպերը կկարողանանք պահպանել, քանի որ ՊԵԿ-ի մեր գործընկերները բավականին ագրեսիվ իրականացնում են բարեփոխումները: Շուրջ 50 միլիոնով մենք կարող ենք ավելացնել հարկային եկամուտները»:
Այս հայտարարությանը արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը. «ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում ենք լավ, եւ դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք եւ հատուկ ընտրություններից հետո ենք ասում, որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք անիմաստ պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչեւ ընտրությունները: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առաջ դնում ենք շատ ծանր խնդիր: Պլանը դնելու ժամանակ դրել էինք բավական բարձր, հիմա պլանը գերակատարվել է , այն փոխում ենք: Մենք ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրը: Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչ խնդիր ենք դրել եւ տարվա վերջ գնահատական տալուց ամեն բան հաշվի ենք առնելու»:
Վարդան Արամյանի մյուս ելույթը` ստորև:


