▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդեմ եկեղեցու արշավը հասավ ազատամարտիկների ընտանիքներին

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրավապահ համակարգի ճնշումները նորանոր երանգներ են ստանում․ մի նոր գործ են փորձում բացել ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի գործունեության վերաբերյալ։

Տարեվերջից՝ դեկտեմբերից սկսած, իրավապահ մարմինները ինտենսիվ աշխատում են եկեղեցուց օգնություն ստացած Արցախյան ազատամարտի առաջին զոհերի ընտանիքների հետ։

Եվրոմեդիա24-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններով՝ Քննչական կոմիտե են կանչվել որոշ ազատամարտիկների ընտանիքների անդամներ՝ պատասխանելու հարցերին, որոնք վերաբերում են դեռևս 1990-ականներին Արարատյան հայրապետական թեմի կողմից թիրախային ընտանիքներին ցուցաբերված նյութական և ֆինանսական աջակցությանը։

Իսկ այդ տարիներին արցախյան ազատամարտի զոհերի ու վիրավորում ստացածների ընտանիքներին ոչ միայն Եկեղեցին էր աջակցություն ցուցաբերում, այլև օտարազգի բարերարներ, Սփյուռքից հայրենակիցներ, որոնք հաճախ հենց Եկեղեցու միջոցով են իրենց տրամադրած օգնությունը տեղ հասցրել։

Եվ ահա հիմա Փաշինյանի իշխանությունը փորձում է ամեն գնով պեղել իր համար հարմար կոմպրոմատներ և փորփրում է Եկեղեցու խողովակով իրականացված աջակցության ծրագրերը։

Զավեշտալի է, որ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունները հասել են այնպիսի ստորացուցիչ մակարդակի, որ քահանաներին ճնշման ենթարկելով, գործարքներ առաջարկելով և բարերարների հետ հատուկ «աշխատանքներից» հետո իրենց համար «օգտակար» նյութեր չստանալով՝ այժմ անցել են ազատամարտիկների ընտանիքներին։

Ընդգծենք, որ նահատակված ազատամարտիկների ընտանիքներին թիրախավորելու պատճառը մեծ հավանականությամբ կրկին Վեհափառ Հայրապետի նկատմամբ իշխանության ձգտումներն են․ ամեն ինչ արվում է, որ մի ընտանիք իրենց հաճո ձևակերպումներով բնութագրի 30 տարի առաջ ստացած օգնության պատմությունը, որպեսզի գոնե հիմքեր ստեղծեն մի նոր քրգործի համար և առկախեն Եկեղեցու ներսում մաքրման աշխատանքները։

Չմոռանանք, որ ընդամենը երկու շաբաթ անց՝ փետրվարի 16–19-ը, Ավստրիայում նախատեսված է Ազգային եկեղեցական ժողովը, որի ընթացքում քննարկվելու են Եկեղեցու նկատմամբ իշխանության ոտնձգությունները և եպիսկոպոսների միջոցով ՀՀ վարչապետի շուրջ ստեղծված հակաեկեղեցական շարժումն ու դրա հետևանքները։

Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ընդլայնված ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելը, մի նոր քրգործի շրջանակներում քրեական հետապնդման հնարավորությունը մեծ նվեր կլինի Նիկոլ Փաշինյանին, ինչի ուղղությամբ ամեն կերպ ջանում է Քննչական կոմիտեի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее