factor.am-ը գրում է․ «5 տարի առաջ՝ 2020 թվականին, Հայաստանի իշխանությունները ծխելու դեմ պայքարի նոր օրենք ընդունեցին․ արգելվեց՝ հանրային վայրերում ծխելը, սահմանված նորմայից ավելի նիկոտին և խեժ պարունակող ծխախոտային արտադրատեսակների վաճառքը, վաճառասրահներում ծխախոտային արտադրանքը ցուցադրելը, գովազդը, վաճառքի ժամանակ որևէ զեղչի կիրառում։ Ի՞նչ և ինչքա՞ն են ծխում ՀՀ քաղաքացիները, արդյո՞ք պահպանվում են օրենքի պահանջները, և արդյո՞ք պատշաճ վերահսկողություն իրականացվում է։
Factor.am-ն ուսումնասիրել է ծխախոտային շուկան, շրջել վաճառակետերով և բազմաթիվ խախտումներ արձանագրել։
«Նորաձև» ծխախոտը
Հայաստանում ծխում է բնակչության շուրջ 1/3-ը, և այս թիվը տարիներ շարունակ կայուն պահպանվում է։ Ծխելու դեմ անողոք պայքար հայտարարած Հայաստանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները պարզելու նպատակով ընտրանքային հետազոտություն իրականացվել է 3 տարի առաջ՝ 2022 թվականին։ Ըստ այդմ՝ մեր երկրում ծխում է բնակչության 27․2%-ը, ծխողների 53․2 %-ը տղամարդիկ են, 2․0 %-ը՝ կանայք։ Այս իրավիճակը 2016-ի համեմատ շատ չի փոփոխվել․ այդ ժամանակ կատարված նույն հետազոտության համաձայն՝ ծխախոտային արտադրանք կամ փոխարինիչ օգտագործել է բնակչության 27․7%-ը, որից 53․4%-ը՝ տղամարդիկ, իսկ 2․3%-ը՝ կանայք։ Էլեկտրոնային ծխախոտ (վեյփ) օգտագործում է ամեն օր ծխողների 3.3%-ը, իսկ տաքացվող ծխախոտ՝ 3 %-ը։
Այսինքն՝ այս թվերը փաստում են, որ ծխելու մակարդակը 6 տարվա ընթացքում գրեթե չի նվազել։ Միաժամանակ՝ վեյփերը տարածում են ստանում Հայաստանում և հետևորդներ գտնում անչափահասների շրջանում։
Ինչը և ինչպես է խախտվում
Հանրային վայրերում, օրինակ՝ սննդի օբյեկտներում, արգելված է թե՛ ծխախոտի, թե՛ դրա փոխարինիչների օգտագործումը, խախտման դեպքում քաղաքացին տուգանվում է 50 հազար դրամով, իսկ ընկերության ղեկավարը՝ 150-200 հազար դրամով։ Սակայն հատկապես ռեստորանների ու սրճարանների բացօթյա հատվածներում մշտապես կարելի է հանդիպել ծխող մարդկանց։ ՆԳՆ-ի տվյալներով՝ 2023 թվականին պատասխանատվության է ենթարկվել 7838 քաղաքացի և 376 տնտեսվարող անձ, ընդհանուր տուգանքը՝ 60 մլն դրամ, 2024-ին պատասխանատվության է ենթարկվել 3963 քաղաքացի և 198 տնտեսվարող անձ, տուգանքը՝ 36․6 մլն դրամ։
Ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների վաճառքի սահմանափակումները վերահսկում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը, սակայն, ստուգում է միայն փաստաթղթերի առկայությունը, վաճառքի ցուցափեղկերի փակ լինելը և մակնշումը, իսկ բաղադրության և ապրանքի անվտանգության հարցերը տեսչական մարմնի իրավասությունից դուրս են։ Factor.am-ը տեսչական մարմնից պարզել է, որ առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի ուղեկցման արտադրանքի իրացման, դրա հրապարակային ցուցադրման, մակնշման բացակայության խախտումների համար 2023-ին՝ 18, իսկ 2024-ին 30 տնտեսվարող է տուգանվել։ Նշենք, որ տարբեր ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների մասով տարանջատված տվյալների բազա տեսչական մարմինը չի վարում։
Ծխողների շրջանում գնալով աճում է այնպիսի արտադրատեսակների օգտագործումը, որոնք տաքացնում են կա՛մ ծխախոտի գլանակը, կա՛մ նիկոտին պարունակող հեղուկը։
Խախտումները համատարած են հենց էլեկտրոնային ծխախոտների (վեյփ) շուկայում։
Էլեկտրոնային ծխախոտները (վեյփ) հիմնականում լինում են երեք տեսակի՝
– մեկանգամյա օգտագործման․ սարք է, որը նախապես լիցքավորված է նիկոտինային հեղուկով և մարտկոցով, որը ավարտվելուն պես սարքը նետում են,
– փակ համակարգով․ բազմակի օգտագործման սարք է, որն աշխատում է նախապես լցված և կնքված քարթրիջներով,
– բաց համակարգով․ բազմակի օգտագործման սարք է, որի մեջ նիկոտինային հեղուկը կարող է ավելացվել, երբ այն սպառվում է:
Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ վեյփերում վիտամինների, կոֆեինի և այլ հավելումներն արգելված են, բաղադրությունը պետք է լինի միայն նիկոտին, պրոպիլեն գլիկոլ ու գլիցերին, նաև կարող է համային և հոտային հավելումներ պարունակել։
ՊԵԿ-ից գրավոր հարցմամբ ստացված տվյալների ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ 2022-2024 թվականների ընթացքում առանց այրման ներշնչելու ծխախոտային արտադրանքի Հայաստան ներմուծումն ավելացել է, մասնավորապես՝ 2022-ին ներմուծվել է 238 տոննա, 2023-ին՝ 261․1 տոննա, իսկ 2024-ի առաջին կիսամյակում` 174 տոննա։ Այս արտադրատեսակների ներկրմամբ զբաղվում է 50-60 ընկերություն, աշխարհագրությունը բազմազան է՝ մոտ 17 երկիր, այդ թվում՝ ԱՄԷ, Կորեա, Չինաստան, ԵՄ, Ռուսաստան, Թուրքիա, Կանադա, Հունաստան, Մալայզիա, Միացյալ Նահանգներ և այլն։ Հայաստանում էլեկտրոնային ծխախոտ (վեյփեր) չի արտադրվում։
Նիկոտին պարունակող արտադրանքը, այդ թվում՝ վեյփերը, Հայաստանում կարող են վաճառվել միայն հավաստագիր ունենալու դեպքում։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ հավաստագրում իրականացնում է 3 լաբորատորիա՝ «Սերտիֆիկացում և որակ» ՍՊԸ, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիան։ Factor.am-ը նախարարությունից պարզել է, որ մինչ օրս այս 3 լաբորատորիաները ստացել են վեյփերի համապատասխանության գնահատման ընդամենը 4 հայտ և այդ 4-ն էլ եղել է 2024 թ-ին։
Ընդ որում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»-ը, որ պետական կառույց է, որևէ հայտ չի ստացել, «Սերտիֆիկացում և որակ» ու «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» մասնավոր ընկերությունները 2-ական հայտ են ստացել (վերջինը՝ 20 անուն ապրանքատեսակի համար)։
Ընդգծենք, որ 2022 թ-ից հետո ներկրված արտադրանքը պարտադիր պետք է հավաստագրում անցնի և հետո միայն հայտնվի շուկայում։ Փաստորեն՝ 2022-23 թվականներին ներկրված գրեթե 500 տոննա արտադրանքն իրացման է տարվել առանց որևէ ստուգման։
Ստացվում է՝ ունենք մի իրավիճակ, որ շուկայում առկա են վեյփերի՝ խախտումներով բազմաթիվ փաթեթներ, տնտեսվարողների հիմնական մասը վեյփերը և դրանց հեղուկները չի ներկայացնում փորձարկման, իսկ պետությունն ինքը չի կատարում այդ արտադրատեսակների նմուշառում և փորձարկում։
«Տնտեսվարողն ինքն է դիմում լաբորատորիա և փորձարկման ներկայացնում այն, ինչ ցանկանում է։ Այսինքն՝ կարող են փորձարկել և հավաստագիր տալ իրական ապրանքին, բայց նույն անվան տակ վաճառել կեղծը։ Իրականում ամենավտանգավոր ապրանքը կարող է հասնել շուկա, վերահսկողություն չկա»,- ընդգծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Տեխնիկական կանոնակարգի մեկ այլ պահանջ կրկին միայն թղթի վրա է․ «Սպառման համար նախատեսվող՝ միավոր պարկուճում (քարթրիջում) նիկոտին մատակարարող համակարգի (ՆՄՀ) հեղուկի ծավալը չի կարող գերազանցել 2 մլ»։ Մայրաքաղաքում էլեկտրոնային ծխախոտի մասնագիտացած խանութներում և վաճառակետերում շրջայցի ժամանակ Factor.am-ն արձանագրել է, որ այս պահանջը համատարած խախտվում է։ Վաճառվող վեյփերի վրա հեղուկի քանակը 2 մլ-ի փոխարեն առնվազն 3․5 մլ է:
«Բարդ վիճակում ենք։ Այս նույն կարգավորումը ԵԱՏՄ երկրներում թղթի վրա կա, կյանքում՝ ոչ։ ԵԱՏՄ կարգավորման տիրույթում շուկայի 90%-ը դուրս է մնալու։ Պետք է լուծում գտնել, և դա պարզապես թղթերով առաջ գնալը չէ։ Անվտանգության որոշակի շեմ և երաշխիքներ պետք է լինեն, մյուս կողմից՝ իրավիճակ չստեղծվի, որ էժան ապրանքը, օրենքը շրջանցելով, մտնի շուկա։ Ի վերջո, չենք մոռանում՝ ծխելը վնասակար է առողջությանը»,- նշում է Բ․ Պիպոյանը։
Վեյփերի հետ կապված ևս մի խախտում ենք արձանագրել, վեյփերի դեպքում չի պահպանվում հրապարակային ցուցադրման արգելքը։
Վաճառակետերում կարելի է հանդիպել նաև գովազդի՝ «գնիր մեկը, երկրորդը ստացիր նվեր», կամ «նիկոտինը կավելացվի ըստ Ձեր ցանկության»: Այսինքն՝ այն հեղուկը, որ պետք է դառնա գոլորշի և ներծծվի օգտագործողի թոքեր, «նկուղային» արտադրանք է և անհայտ բաղադրություն ունի։ Չի բացառվում, որ կարող է անգամ թմրանյութ պարունակել։
Վտանգավոր, կամ ավելի վտանգավոր․ ի՞նչ է ասում միջազգային պրակտիկան
Համաշխարհային բժշկագիտությունը նորանոր հիվանդություններ է հայտնաբերում, որ առաջանում են ծխախոտային արտադրանքների օգտագործման հետևանքով։ Մասնագետներն ահազանգում են EVALI-ի մասին (անգլերեն՝ E-cigarette and Vaping use-Associated Lung Injury` թոքերի վնաս՝ պայմանավորված էլեկտրոնային ծխախոտի (վեյփերի) կիրառմամբ): Այն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է, որն առաջանում է անհայտ ծագման էլեկտրոնային ծխախոտների (վեյփերի) օգտագործման կամ օգտատերերի կողմից այդ սարքերին ավելացված չարտոնված նյութերի պարունակության պատճառով։ EVALI ունեցող 95% պացիենտների համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն:
Factor.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է՝ Հայաստանում քանի՞ քաղաքացի է տուժել նիկոտին մատակարարող էլեկտրոնային արտադրանքի տարբեր տեսակներից։ Մեր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից նշել են․ «Նման տեղեկատվություն Առողջապահության նախարարության կողմից չի հավաքագրվում»։
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վեյփերի ներկրումը տարեցտարի աճում է, շուկայում առկա են բազմաթիվ խախտումներով փաթեթներ, դրանք չեն անցնում հավաստագրում, դրանց վաճառքն ու սպառումը պատշաճ չի վերահսկվում։ Շուկայում իրական վերահսկողության բացակայության խնդիրը դուրս է պատասխանատուների ուշադրությունից։ Նման պայմաններում օգտագործողը կարող է գնել անհայտ ծագման ապրանք՝ է՛լ ավելի վտանգելով իր առողջությունը։ Իսկ EVALI-ի նման հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն էլ չի հավաքագրվում»։
Հեղինակ՝ Գայանե Խաչատրյան