▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Է՞լ որ գործարանի բացմանը ներկա պատահական հյուրերն են էս կարգի տեղյակ հաշվապահությունից»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վայ, գռզո, գռզո․․․

«Էյ Դի Էմ Դայմոնդս» գործարանի բացմանը ներկա էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Fakt.am-ի լրագրողի հարցին՝ ի՞նչ կապ ունի պրն․ Սուքիասյանը գործարանի հետ, գործարարը պատասխանեց՝ անմիջական։ Է՞լ որ գործարանի բացմանը ներկա պատահական հյուրերն են էս կարգի տեղյակ հաշվապահությունից»։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. նրանք դա գողացել էին ՀՀ ուղարկելու համար:
ԱԴԾ-ն հայտնել էր, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բաղիկյան եղբայրներն են՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ադամանդների մաքսանենգության համար։
«Գողացված ադամանդները Հայաստան են բերվել ADM Diamond LLC-ի կողմից:»

ԱԴԾ-ն նշել է, որ խուզարկությունների ընթացքում մեղադրյալներից առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդի հումք, որը նախատեսված էր բարձրորակ հումքը ավելի էժանով փոխարինելու համար: Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ալռոսա»-ից ադամանդներ են գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։

Ի պատասխան այս հրապարակումների ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հայտարարություն տարածեց․

«Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է:»

Իրավիճակին արձագանքել էր նաև ADM Diamonds-ը՝ հայտնելով, որ ընկերությունը վերամշակման հումքը չի ստանում ՌԴ-ից։ ADM Diamonds ընկերության ադամանդի վերամշակման բարձրորակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից և Հոնկ Կոնգից՝ բացառապես օրինական ճանապարհով, համապատասխան բոլոր իրավական գործընթացներին ու փաստաթղթերին։ Այս մասին առկա են բոլոր վկայություններն ու ապացույցները։

ԱրմԼուր-ն էլ այս առիթով գրում է․

«Ովքեր են Բաղիկյան եղբայրները և ինչպես են հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում․

2021 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:
Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն` հանդիսանալով պաշտոնատար անձ 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող` ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է:

2021 թվականի հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն և ձերբակալվել:

Մենք պարզել էինք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված պաշտոնյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն է:

Իսկ ովքեր էին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը․

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյաններն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ավելին, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկա էր գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի բացման արարողությանը:

Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018թ.–ին Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականին հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ» ընկերությունը։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ գործարանի բացումը «խաբկանք է«, «բլեֆ», քանի որ այդքան աշխատող երբեք չեն ունեցել, արտադրանք մեծ ծավալներով չեն տվել, եղբայրները դա ընդամենը բացել են, որ քողարկեն մաքսանենգությունը` մշակված ադամանդ բերեն չմշակվածի տակ, թե իբր գործարանում են մշակել: Հավելենք, որ ԱԱԾ-ի կողմից գործարար եղբայները ևս բերման էին ենթարկվել:

Ադամանդի քրեական գործի ճակատագիրը․

Իսկ ինչ եղավ ԱԱԾ-ում այս գործի ճակատագիրը: Մեզ հասած լուրերի համաձայն, գողացված ադամանդները հետ էին վերադարձվել , իսկ գործը՝ կարճել: Եւ հիմա կրկին ադամանդի գործով զբաղվող Բաղիկյանների անունը շրջանառվում է:

Այսինքն, ՌԴ իրավապահները կրկին տալիս են Բաղիկյանների անունը ադամանդագործության ոլորտում հանցագործության վերաբերյալ, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը 2020 թվականին բացահայտում է անում նրանց գործունեության մասով և գործը փակում են։ Հարց է առաջանում՝ ովքեր են եղբայրների «տանիքները»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее