▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դվին»-ի ղեկավարությունը պատասխանատվություն ստանձնո՞ւմ է, որ 19-րդ դարի կուժ է անհետացել

Ջենիֆեր Լոպեսը «Դվին» հյուրանոցի իր համարից միամտաբար իր նվերների հետ տարել է նաև 19-րդ դարի Վանի կուժը, որը տրամադրել էր «Նարեկածին» արծաթյա զարդերի վերականգնմամբ զբաղվող ընկերությունը, որ իր պատրաստած արծաթե վզնոցը ցուցադրվի հենց այդ կուժի վրա։ Համաշխարհային աստղի համար նախատեսված նվերների մեջ եղել է նաև այդ արծաթյա վզնոցը, բայց ոչ կուժը։ Սակայն «Դվինի» մենեջերի և անձնակազմի բացթողման և ոչ պատասխանատու աշխատանքի հետևանքով երգչուհին չի իմացել, որ կուժը իր նվերը չէ, ու դա էլ հետը վերցրել-տարել է։

ՄեդիաՀաբ-ն է գրում ու մանրամասնում․«Կայքը կապ հաստատեց Դվինի մենեջեր Սյուզան Առաքելյանի հետ, սակայն վերջինս, ի զարմանս մեզ, ասաց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ու առաջին անգամ մեզնից է լսում, որ նման բան է տեղի ունեցել, թեպետ համացանցում վաղուց էր այդ մասին տարածվել։ Հետո հիշեց, որ դրա համար կա այլ պատասխանատու, և խոստացավ որոշ ժամանակ անց պարզել՝ ինչն ինչոց է ու կապ հաստատել մեզ հետ։ Մի քանի րոպե անց մեզ զանգահարեց Մելանյա Բաբայան անունով մի աշխատակից, որը ներկայացավ որպես «Դվինի» մարքեթինգի բաժնի տնօրեն և սկսեց արդարանալ, թե որևէ արտառոց բան էլ տեղի չի ունեցել, և դա իրենց համար ընդամենը «հաճելի միջադեպ է»՝ ուրիշ ոչինչ։ Այսինքն՝ այն, որ իրենց ոչ պատշաճ աշխատանքի, իրենց անձնակազմի թերացման պատճառով Հայաստանից բացառիկ հնություն է անհետանում, դա «Դվինի» մարքեթինգով զբաղվող անձը համարում է հաճելի միջադեպ։

«Դա, իհարկե, մենք համարում ենք շատ հաճելի միջադեպ, որ մենք փորձեցինք «Նարեկածինը» մաքսիմալ հայկականորեն ներկայացնել՝ ոչ թե ստանդարտ ինչ-որ փաթեթավորմամբ, այլ լուծումը գտանք, որ հայկական պղնձե կուժով ներկայացնենք։ Ինքներս էլ չմտածեցինք, որ գուցե և նա ընկալի, որ դա նվերների փաթեթի մեջ է, որովհետև նվերները մենք նախապես հաստատել էինք, թե ինքը ինչ կընդունի։ Բայց փորձը և դեպքերը ցույց տվեցին, որ նվերների ցանկում երգչուհին՝ մեր գերաստղը, այսպես ասած, մեր հայկական կուժը գնահատել է և նվերների հետ ընդունել է դա ևս նվեր, և մենք նունպես համարում ենք դա սիրով նվեր, և շատ երջանիկ ենք, որ հայկականությունը վերցրել ու տարել է իր հետ Ջենիֆեր Լոպեսը»,- ասաց Մելանյա Բաբայանը՝ նշելով, որ այդ առիթով իրենք շատ ուրախ են, ու «ստացվեց ավելի լավ, քան պլանավորված էր»։

Նկատեցինք, որ Ջենիֆեր Լոպեսը իր համար չնախատեսված իր է իր հետ տարել, դրա ի՞նչն է հաճելի միջադեպ։ Հյուրանոցի մարկետոլոգը, սակայն, նորից պնդեց, որ սա իրենց համար բացարձակ ամոթալի միջադեպ չէ, և դա ոչ թե չնախատեսված իր է եղել, այլ եղել է պաշտոնական նվերների անկյունում տեղադրած իր։

«Թյուրիմացությունը մեր կողմից է եղել, որ մենք․․․․ ես դա թյուրիմացություն չեմ համարում, ես դա համարում եմ հաճելի միջադեպ, որ մենք ստենդի փոխարեն ներկայացրել ենք էդպես, և երգչուհին տեղյակ է եղել, որ նվեր է ստանում հայկական անկյուն, որի մեջ դրված է եղել նաև այդ կուժը»,- ասաց Մելանյան։

Հարցին՝ հյուրանոցի ղեկավարությունը պատասխանատվություն ստանձնո՞ւմ է այս «հաճելի միջադեպի» համար, որ Հայաստանից նման հնության կուժ է անհետացել, մեր զրուցակիցը չընկալեց հարցը․ «Ի՞նչ է նշանակում՝ պատասխանատվություն ստանձնո՞ւմ է, թե՞ ոչ։ Բացե՛ք փակագծերը, ես չեմ հասկանում Ձեր հարցը, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը»։

Փորձեցինք ճշտել նաև՝ այդ կուժը որտեղի՞ց էին վերցրել, ո՞ր ընկերությունն էր տրամադրել իրենց, ինչին ի պատասխան՝ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը որոշեց իր լիազորությունների շրջանակից դուրս գալ և որոշել, թե մենք ինչ հարց պետք է իրեն տանք, ինչ հետաքրքրությունների շրջանակ պետք է ունենանք, ինչով պետք է հետաքրքրվենք, ինչով՝ ոչ․ «Ես կարծում եմ՝ Ձեզ արդեն էդ հարցերը հետաքրքիր չպետք ա լինեն։ Էսքանը բավարար ա»։

«Դվինի» աշխատակցին բացատրեցինք, որ չի կարելի լրատվամիջոցի հետ այդպես շփվել և որոշել՝ ինչը պետք է մեզ հետաքրքրի, ինչը՝ ոչ, հավանաբար փորձի կամ պրոֆեսիոնալիզմի պակաս ունի մեր զրուցակիցը և լավ չի պատկերացնում՝ ինչպես հարաբերվել լրագրողների կամ, առհասարակ, գործնական միջավայրում իր հետ շփվող մարդկանց հետ։

Առհասարակ, տպավորություն էր, թե Ջեյ Լոյի հետ շփվելուց հետո «Դվինի» աշխատակիցների «զվյոզդը», կարծես, մի փոքր տարել է՝ իրենց մասին շատ բարձր կոչումներով են արտահայտվում՝ հյուրանոցի գլխավոր կառավարիչ, ինչ-որ բաժնի տնօրեն, ու նեղանում են, որ իրենց ավելի հասարակ կոչումներով ենք ներկայացնում։ Հավանավար, «Դվինում» անփորձ ու ոչ այդքան պրոֆեսիոնալ կադրեր են աշխատանքի ընդունվել, և ոչ միայն իրենց հյուրանոց ժամանած հյուրերին դիմավորելու և ճանապարհելու հարցում են լուրջ կիքսեր թողնում, այլև լրատվամիջոցների հետ չեն կարողանում պատշաճ հարաբերվել։ Այս կոնտեքստում Մելանյա Բաբայանից փորձեցինք ճշտել՝ սա կարո՞ղ է իրենց համար դաս լինել, որ հաջորդ անգամ ավելի ուշադիր լինեն այսպիսի իրավիճակներում։

«Մենք կարող ենք ավելի ուշադիր լինել և ավելի լայն ցանկ ներկայացնել; Այս միջադեպը կլինի նաև մեզ հուշում, որ հետագայում նման իրերը նույնպես կարելի է ներառել առաջարկվող նվերների ցանկում՝ նույն ինքը կուժերը և այլն»,- ի վերջո իրենց սխալն ու բացթողումն ընդունեց «Դվինի» մարքեթինգի բաժնի տնօրեն Մելանյա Բաբայանը։

Ի դեպ, այստեղ կա նաև մաքսային մարմինների կողմից հսկողության խնդիր, թե ինչպես է կարողացել Ջեյ Լոն այդպիսի անտիկվարիատ իր հետ դուրս հանել Հայաստանից, արդյոք ստուգե՞լ են իրեն «Զվարթնոցի» մաքսային ծառայության աշխատակիցները, թե՞ ոչ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее