Aysor.am-ը գրում է.
Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ընտանիքի՝ որդու և կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ օրեր առաջ տեղափոխվեց Հայաստան: Վերադառնալու հիմնական պատճառը դերասանի՝ նոր սերիալում ընդգրկվելն էր: Aysor.am-ը հյուրընկալել է Լիլիթ Բաբասյանին, ով վերջին շրջանում ստանձել է դիետոլոգի բարդ, բայց հաճելի մասնագիտությունը: Սակայն մեր զրւյցի թեման միայն նրա գործունեությունը չէ…
-Լիլիթ, որքա՞ն ժամանակով եք եկել Հայաստան, ի՞նչ զբաղվածություն ունեք այս ընթացքում:
-Ամուսինս այժմ սերիալում է նկարահանվում, ես էլ իմ հաճախորդների հետ եմ աշխատում: Կարծում եմ՝ ամենաքիչը կես տարի կմնանաք այստեղ: Անկեղծ ասած՝ Մոսկվայի հետ, բացի ծնողներիցս, ինձ ոչինչ չի կապում: Նույնիսկ չէի ցանկանա ետ վերադառնալ:
-Իսկ շատերի մոտ կարծիք է ձևավորված, թե դուք Հայաստան գալիս տխրում եք:
-Ոչ, նման բան չկա: Ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է Հայաստան գամ:
-Ծնունդով որտեղի՞ց եք:
-Աշտարակից եմ, բայց 9 ամսական եմ եղել, երբ մեկնեցինք Մոսկվա: Սակայն, ամեն տարի՝ ամռանը, տատիկիս ու պապիկիս մոտ եմ անցկացրել, շատ կապված եմ իրենց հետ:
-Երևանում բնակարան ունե՞ք, թե՞ բնակվում եք Ալեքսանդրի ընտանիքի հետ:
-Ունենք բնակարան, առանձին ենք բնակվում:
-Որքան նկատել եմ՝ Ձեր հաճախորդները բավական գոհ են Ձեզանից, որպես դիետոլոգ:
-Այո, քանի որ իմ աշխատանքի մեջ ես շատ բան եմ ներդնում, ժամանակիս մեծ մասը հենց դրան եմ նվիրում: Հաճախ նույնիսկ տղայիս հետ չեմ հասցնում խաղալ, զբաղվել: Այսօրվա դրությամբ` 286 մարդ իմ հսկողության տակ է՝ առավոտից մինչ երեկո անընդհատ նրանց հետ եմ անցկացնում, առցանց հրահանգում եմ` երբ և ինչ ուտեն, նույնիսկ խնջույքի մասնակցելու դեպքում ինչից օգտվեն: Կարելի է ասել՝ մենք դառնում ենք ընկերներ, ես որոշ չափով նաև հոգեբանի դեր եմ ստանձնում:
-Դիետոլոգի ծառայություններից օգտվելը թա՞նկ հաճույք է:
-Ոչ: Ասեմ ավելին, ես նույնիսկ անվճար եմ աշխատել, քանի որ ինձ համար ամենակարևորը գումարը չէ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավորություն չունեն, ծառայությունն իրենց համար թանկ է: Ես միշտ ասում եմ՝ խնդիր չկա, վճարիր այնքան, ինչքանի հնարավորություն ունես, կամ կարող ես ընդհանրապես չվճարել: Նման դեպքեր շատ-շատ են եղել: Երբ նոր էի սկսում, ամենաթանկը, որ վերցնում էի մեկ ամսվա համար, 15 000 դրամն էր:
-Ամեն դեպքում՝ խոսենք թվերով:
-Այսպես կասեմ՝ կան մարդիկ, ովքեր միայն սննդակարգն են ցանկանում, և ես հետո իրենց չեմ վերահսկում, դա 20 հազար արժի, առավելագույնը 50 հազարն է, այս դեպքում ես անընդհատ, առավոտից երեկո վերահսկում եմ, նաև հաճախակի, մեկ-երկու օրը մեկ հանդիպում ենք:
-Իսկ մեկ ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամ է կորցնում հաճախորդը:
-Ամեն ինչ կախված է ճարպակալման աստիճանից. 5-7 կիլոգրամը երաշխավորվում է: Գիտեք ես ինչով եմ տարբերվում մյուս դիետոլոգներից, և որն է իմ պահանջարկ ունենալու գաղտնիքը. Ուրիշները տալիս են սննդակարգը, վերցնում իրենց գումարը ու վերջ, իսկ ես հետևողական եմ լինում: Եվ հետո, իմ նշանակած սննդակարգով՝ մարդը սոված չի մնում, ամեն ինչ ուտում է, բայց սեփական ձեռքերով պատրաստածը: Ինքս եմ այդ բաղադրատոմսերը գրում և ուղարկում: Մինչև արդյուքնը չտեսնեմ, ինքս ինձանից գոհ չեմ մնա:
-Նկատե՞լ եք, առավել շատ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում պահանջարկ ունեք:
-Ճիշտն ասած՝ ինձ դիմում են ոչ միայն այս երկու երկրներից, այլև Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, նույնիսկ մեկ հաճախորդ ունեմ Աֆրիկայից: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, իմ տվյալների ցանկից ոչ-մեկի տվյալը չեմ ջնջում, ամիսը գոնե մեկ անգամ նամակ եմ ուղարկում, որպեսզի զգոնությունը չկորցնեն ու շարունակեն հետևել սննդակարգին: Գիտեք, պատահում է՝ իրենք ինձ չեն հիշում, որից, եթե անկեղծ ասեմ, մի քիչ վիրավորվում եմ… Դե այո, ես մարդկանց նկատմամբ կապվածություն եմ ձեռք բերում ու միշտ հիշում եմ: Նույնիսկ երբեմն ասում եմ՝ քաշիդ մասին տվյալներ ուղարկիր, ես անվճար մեկ շաբաթվա սննդակարգ ուղարկեմ, որ չգիրանաս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում